կարևոր
2941 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-01-06 01:28

Որոշվել է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան. Փաշինյան

Որոշվել է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան. Փաշինյան

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»,-: հայտնում է Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ:

Ղազախստանի նախագահը հեռուստաուղերձում հայտնել էր, որ դիմել է ՀԱՊԿ-ին՝ երկրի ներսում «ահաբեկչական բանդաների դեմ պայքարում» օգնության խնդրանքով։

«Այս ահաբեկչական խմբավորումները միջազգային են, լուրջ վերապատրաստում են անցել արտերկրում, և նրանց հարձակումը Ղազախստանի վրա կարող է և պետք է դիտարկվի որպես ագրեսիայի ակտ:

Այս առումով, հենվելով Հավաքական անվտանգության պայմանագրի վրա, ես այսօր դիմեցի ՀԱՊԿ-ի ղեկավարներին՝ աջակցելու Ղազախստանին ահաբեկչական այս սպառնալիքի հաղթահարման հարցում: Իրականում սա ոչ թե սպառնալիք է, այլ տարածքային ամբողջականության խաթարում»։

Հավելենք, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ստեղծվել են խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար։ Դրանց կոնկրետ կազմը, կառուցվածքն ու թիվը սահմանում են ՀԱՊԿ ղեկավարները։

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կազմված են առանձին անդամ երկրների՝ Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան,խաղաղապահ զորախումբը:

Հավաքական խաղաղապահ ուժերը ներառում են հատուկ պատրաստվածություն ունեցող զինվորական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմ, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների կողմից հատկացված ուժերն ու ակտիվները։

Ընդհանուր թիվը կազմում է մոտ 3,6 հազար մարդ։

Կոնտինգենտի կազմում կարող են ստեղծվել միացյալ հրամանատարություն, մարտական ​​ստորաբաժանումներ, զինվորական դիտորդների խումբ, ոստիկանության ստորաբաժանումներ, օժանդակ ստորաբաժանումներ և այլ մարմիններ ու ստորաբաժանումներ։