կարևոր
2332 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-06 00:03

Հունվարի 6-ը Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնն է

Հունվարի 6-ը Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնն է

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին՝ «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:

Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սուրբ պատարագ, և տրվում է Սուրբ ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուսն օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի։ Սուրբ ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն։  Սուրբ ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում՝ տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով։

Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Հունվարի 7-ին՝ Սուրբ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները։ Սուրբ ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատելու և անվանակոչելու հիշատակին:

Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տները՝ ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:

Սուրբ ծննդյան արարողությունների ժամանակացույց

  • Հունվարի 5-ին՝ ժ. 17.30-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի տոնական Սուրբ պատարագ՝ ազդարարելով Սուրբ ծննդյան ավետիսը։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը։
  • Հունվարի 6-ին՝ ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան տոնական Սուրբ պատարագ։ Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն։ Օրհնված ջուրը բաժանվում է ներկաներին[
  • Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է՝ Մեռելոց։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան կարգ։ Առավոտյան՝ Սուրբ պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին։
  • Հունվարի 13-ին՝ Տիրոջ Անվանակոչության օրն է։ Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ։
  • Սուրբ ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը։ Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել՝ Տնօրհնեքի: