Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ղազախստանը Ռուսաստանից օգնություն չի խնդրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ոչ, մենք վստահ ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին հարցերը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ արտաքին գործերի նախարարություն էլ հայտնում է, որ «Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հանդես է գալիս հարևան երկրում առկա խնդիրների խաղաղ ճանապարհով լուծման օգտին»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։
«Մենք կողմ ենք բոլոր խնդիրների խաղաղ լուծմանը սահմանադրական և իրավական դաշտի և երկխոսության շրջանակներում, այլ ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝ իրավիճակի կայունացման, առկա խնդիրների, այդ թվում՝ ցուցարարների օրինական պահանջների մեջ պարունակվող խնդիրների օպերատիվ լուծման քայլերը»։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Այսօր արդեն դրանք վերածվել են զանգվածային անկարգությունների հանրապետության գրեթե ամբողջ տարածքում: