«Իրավական ուղի» ՀԿ-ն ահազանգում է, որ ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված առանձին զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը։
«Այդ խմբից մեր երկու վստահորդների՝ Սերժիկ Ամիրխանյանի և Ռոբերտ Նալբանդյանի անունից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել համապատասխանաբար դեկտեմբերի 14-ին և 15-ին, սակայն Նալբանդյանի մասով այս պահի դրությամբ նիստ առհասարակ նշանակված չէ, իսկ Ամիրխանյանի մասով (դատավոր՝ Լուսինե Հովհաննիսյան), թեև դատական նիստը նախապես նշանակված էր այսօր՝ հունվարի 5-ին, սակայն քիչ առաջ մեզ տեղեկացվեց, որ այն տեղափոխվում է հունվարի 7-ին։
Համեմատության համար նշենք, որ նույն խմբի զինծառայողների մասով նույն վերաքննիչ դատարանը դրսևորել է «պատշաճ արագություն» այն միակ դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքը, որի դեմ բողոք էր բերել քննչական մարմինը։ Ըստ հրապարակային տեղեկության՝ վերաքննիչ դատարանը քննիչի բողոքը քննել, բավարարել և կալանք էր կիրառել դեռևս դեկտեմբերի 27-ին։
Վերադաս դատարանի առջև կալանքը վիճարկելու իրավունքի այսչափ ուշացումը, զուգորդված տարբերակված մոտեցման հետ, լուրջ հարցականի տակ է դնում նշված անձանց նկատմամբ վերաքննիչ դատարանի՝ արդյունավետ պաշտպանության միջոց լինելը, վերաքննիչ դատավորների անկողմնակալությունը և իրավունքի երաշխավոր հանդես գալու ունակությունը»:
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ «Բողոքը ներկայացվել է դեկտեմբերի 14-ին, իսկ բողոքի քննությունը նշանակվել է 22 (!!) օր հետո։ Առհասարակ չեմ հասկանում՝ ինչպես էր կարելի կալանքի վերանայման իրավունքը այսքան ոտնատակ տալ։ Առհասարակ չեմ հասկանում՝ ինչպես էր կարելի այս մարդկանց ազատությունից զրկել»։
Հավելենք, որ «Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողի պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնց մեջ էր նաև Սերժիկ Ամիրխանյանը: Նոյեմբերի 16-ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Այնուհետև ՊՆ-ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով հայկակական կողմն ունի 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։