Այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում նորընտիր ավագանու նիստն այդպես էլ չկայացավ, թեեւ ավագանու 21 անդամներից 11-ը ներկա էր:
«Բախումներից խուսափելու համար մենք նպատակահարմար գտանք բանակցությունները վերսկսել, արդյունքում գալ ընդհանուր կոնսենսուսի, որից հետո կունենանք իրավազոր նիստ, որը զերծ կլինի որոշակի բախումներից»,-Փարաքարում լրագրողների հետ զրույցում ասաց «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամներից Գոռ Սարիբեկյանը։
««Ապրելու երկիր» խմբակցությունը չէր եկել, այսինքն 11 հոգով պետք է նիստը կայանար, ինչը նշանակում է, որ խնդիրը չի հաղթահարվում, կոնֆլիկտ է լինում: Երկրորդ, իրավիճակը համայնքում կարիք ունի հանդարտեցման: Այս ամենը զուտ համայնքում համերաշխ իրավիճակ ստեղծելու համար է: Այսօրվա ընթացքում կհանդիպեն, կխոսեն, եւ կախված դրա արդյունքներից վաղը կամ մյուս օրը ավագանու նիստ կհրավիրվի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ հավելելով, որ նիստը հրավիրում է աշխատակազմը:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել: Ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել էր 10 ձայնով: Ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման, օրենքը թույլատրում է 40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։ Դրանից հետո եկել են Դավիթ Մանուկյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները եւ Դավիթ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով: Երկու կողմն էլ համարում էր, որ իրենց թեկնածուն օրինական ընտրված համայնքապետ է:
Դեկտեմբերի 23-ին Վոլոդյա Գրիգորյանն իր համակիրների հետ գնացել էր համայնքապետարան՝ երդմնակալությամբ ստանձնելու համայնքի ղեկավարի պարտականությունները, սակայն ոստիկանությունը փակել էր շենքի մուտքը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, Մշակույթի տան դիմաց ամբիոն էր տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը: Վոլոդյա Գրիգորյանը իր աջակիցների դիմաց ընթերցեց համայնքապետի լիազորությունների ստանձնման երդման տեքստը:
«Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դեկտեմբերի 30-ին նրանց հայցը բավարարել էր։