կարևոր
2041 դիտում, 10 ամիս առաջ - 2022-01-05 13:23

Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանում շարունակվում են բողոքի ցույցերը: Ալմաթայում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Նրա խոսքով՝ շենքի վրայով սեւ ծուխ է բարձրանում, կրակոցներ են լսվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները փորձում են ներխուժել քաղաքապետարան: Նրանք ծեծկռտուքի մեջ են մտնել ոստիկանների հետ, ծեծել անվտանգության աշխատակիցներին և խլել նրանց վահաններն ու սաղավարտները։ Ոստիկանությունն օգտագործում է հատուկ տեխնիկա, այդ թվում՝ խլացուցիչ նռնակներ։ Ոստիկանությունը քաղաքի կենտրոնի ծայրամասում կանգնեցրել է մահակներով զինված մի քանի հարյուր ցուցարարի։ 

Գիշերը ցուցարարներն այրել են ոստիկանական մի քանի մեքենա։ Իրավապահ մարմինների 95 աշխատակից վիրավորվել է, մոտ 200 մարդ բերման է ենթարկվել։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։ «Քաղաքացիների անվտանգությանը լուրջ և անմիջական սպառնալիքի հետ կապված՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, օրինականությունն ու կարգը վերականգնելու, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, Ալմաթիի մարզի սահմաններում արտակարգ դրություն սահմանել 2022 թվականի հունվարի 5-ի ժամը 12:30-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ի ժամը 00:00-ն»,- ասված է փաստաթղթում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։