Երևանի քաղաքապետարանը մերժել է Երևանի Ավան վարչական շրջանում ձուլման տեղամաս կառուցելու ծրագիրը: Այս մասին հայտնում է Էկոլուրը:
2021թ. դեկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի՝ «Ակունք-Ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրենին հասցեագրված նամակում մասնավորապես նշված է.
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչությունն Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում ձուլման տեղամասի ստեղծման նախատեսվող գործունեության վերաբերյալ 22.12.2021թ. տեղի ունեցած առաջին հանրային քննարկմանն ապահովել է համայնքի ներկայացուցչի մասնակցությունը:
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի, Ավան վարչական շրջան ուղղված բնակիչների բողոքները, հանրային լսման ժամանակ մասնակիցների կողմից արտահայտված ընդհանուր դժգոհությունը և բացասական կարծիքները՝ նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն չի տրվում»:
Ավան վարչական շրջանում ձուլման տեղամաս հիմնելու ծրագիրը «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ինն է: Աճառյան 2-րդ փակուղու այս տարածքում «Քոփփեռ» ՍՊԸ-ն երկաթ, պղինձ, ալյումին և մետաղյա այլ ջարդոններ է ընդունում: Նախատեսվում է շուտով այստեղ նաև ձուլարան բացել:
Հիշեցնենք, որ դեռ 2021թ. հոկտեմբերին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն էր տվել ձուլման տեղամասի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության հայտին: