Լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանները դեռ 2021 թ․ տարեվերջին միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Դատախազությունը հնգօրյա ժամկետ էր խնդրել՝ միջնորդությունը քննարկելու համար։ Ժամկետը լրացել էր հունվարի 4-ին։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը PARA.TV-ի հետ զրույցում հետեւյալ պարզաբանումն է տվել․ «Հսկողություն իրականացնող դատախազը սահմանված ժամկետներում հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և գործը՝ ըստ մեղադրանքի Աշոտ Մինասյանի, ուղարկել է դատարան։ Պաշտպանի միջնորդությունները մերժվել են՝ ինչպես քրեական հետապնդումը դադարեցնելու, այնպես էլ խափանման միջոցը փոխելու բավարար հիմքերի բացակայության հիմնավորմամբ»։
Հավելենք, որ դեկտեմբերի 29-ին Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչու՞ պետք է Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և կայացրել արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: