կարևոր
490 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-05 12:27

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի փոխանցման մասին որոշում է ընդունվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի փոխանցման մասին որոշում է ընդունվել

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշում կայացրեց:

ՀՀ սեփականություն համարվող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ  նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, լինելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 15,000033% բաժնետոմսերի սեփականատեր, հաշվի առնելով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (ԱՆԻՖ) դերը և լիազորությունների շրջանակը, ինչպես նաև Ընկերության կորպորատիվ կառավարմանն առավել արդյունավետ մասնակցելու անհրաժեշտությունը, ցանկանում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա հանձնել ԱՆԻՖ-ին՝ Ընկերության 15,000033% հասարակ (սովորական) բաժնետոմսերի կառավարումը՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև` 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։

Նշենք նաև, որ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածության հարցը։