կարևոր
3265 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-05 10:55

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել է երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։ 

«Ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը»,-ասվում է փաստաթղթի տեքստում: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել  Ալիխան Սմաիլովը։

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր կազմի հաստատումը:

Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը Տոկաևն արտակարգ դրություն էր հայտարարել Մանգիստաուի մարզում և Ալմաթի քաղաքում: Տոկաևը հրամանագիր է ստորագրել Մանգիստաու շրջանում և Ալմաթի քաղաքում հունվարի 5-ից առավոտյան ժամը 01:30-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ի ժամը 00:00-ն արտակարգ դրություն մտցնելու մասին:

Նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:

Ավելի վաղ Տոկաեւը դիմել էր Ղազախստանի ժողովրդին՝ կապված երկրում տիրող իրավիճակի հետ։ Երկրի ղեկավարը կոչ է8 արել ժողովրդին չտրվել սադրանքներին եւ բոլոր հարցերը լուծել խաղաղ երկխոսության ձեւաչափով։ «Ձեր բոլոր օրինական խնդրանքներն ու պահանջները կուսումնասիրվեն, կընդունվեն համապատասխան որոշումներ։ Վաղը աշխատանքային խորհրդակցություն տեղի կունենա այդ բոլոր հարցերի շուրջ։ Հուսով եմ, որ խոհեմություն կդրսևորեք։ Այժմ խաղասեղանին է դրված և՛ ձեր բարեկեցությունը, և՛ մեր երկրի տեղը ժամանակակից աշխարհում», - ասել էր նա։

Նշենք, որ ցույցեր են կազմակերպվել Ժանաոզենում, Կուրիկում, Ակշուկուրում, Ակտաուում և այլ բնակավայրերում։