կարևոր
2731 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-05 10:15

Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Հունվարի 5-ի որոշումների համաձայն՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Կառավարության որոշմամբ՝ Վեդի համայնքում նշանակվելու են ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական  ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակելու է Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանը Վեդիի ՏԻՄ ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր: Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 8666 ձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որեւէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու համար: 

«Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։ Արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ պարտադրելով նոր ընտրություններ: