կարևոր
1753 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-01-04 21:11

Փարաքարում վաղը նորից են ընտրելու համայնքապետ

Փարաքարում վաղը նորից են ընտրելու համայնքապետ

Վաղը՝ հունվարի 5-ին, տեղի կունենա Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ավագանու նիստը։ Օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է։ 

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել, սակայն ավագանու անդամներն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։ Ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել էր 10 ձայնով: Ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման,  օրենքը թույլատրում է  40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։ Դրանից հետո եկել են Դավիթ Մանուկյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները եւ Դավիթ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով: Երկու կողմն էլ համարում էր, որ իրենց թեկնածուն օրինական ընտրված համայնքապետ է:

Դեկտեմբերի 23-ին Վոլոդյա Գրիգորյանն իր համակիրների հետ գնացել էր համայնքապետարան՝ երդմնակալությամբ ստանձնելու համայնքի ղեկավարի պարտականությունները, սակայն ոստիկանությունը փակել էր շենքի մուտքը։  «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, Մշակույթի տան դիմաց ամբիոն էր տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը: Վոլոդյա Գրիգորյանը իր աջակիցների դիմաց ընթերցեց համայնքապետի լիազորությունների ստանձնման երդման տեքստը:

«Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դեկտեմբերի 30-ին նրանց հայցը բավարարել էր։