կարևոր
1783 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-01-04 20:28

Վաղաժամկետ դադարեցվել են ավագանու լիազորությունները. ՔՊ-ն նոր ընտրություն պարտադրեց Վեդիում

Վաղաժամկետ դադարեցվել են ավագանու լիազորությունները. ՔՊ-ն նոր ընտրություն պարտադրեց Վեդիում

Կառավարության՝ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Նույն որոշմամբ սահմանվել է. 

«Վեդի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ԿԸՀ-ն պետք է նշանակի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որեւէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու համար: «Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։ Արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ պարտադրելով նոր ընտրություններ: