«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերգեյ Մովսիսյանը մանդատը վայր է դրել՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար։ Պատգամավորը հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Քաղաքական թիմն է այսպիսի որոշում կայացրել, ես էլ ընդունել եմ։ Հիմա էլ հանուն Հայաստանի Հանրապետության կշարունակեմ ծառայել գործադիրում»:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ նշանակված Ռազմիկ Պետրոսյանի շուրջ բավականին լուրջ սկանդալ էր հասունացել. Մամուլում քննարկվում է այն թեման, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով:ամուլը հետաքննել է և պաշտոնական պատասխաններ է ստացել կառավարության մաս կազմող ԿԳՄՍ նախարարությունից, որ Ռազմիկ Պետրոսյանը դիպլոմ է ստացել Հովնանյանի անվան համալսարանից՝ 2002 թվականին, այն դեպքում, երբ այդ համալսարանը այդ թվականին չի ունեցել անգամ գործունեության լիցենզիա։ Մարզպետն ինքը չի հերքել, մարզպետարանը չի հերքել։ Ավելին, այդ համալսարանի տված դիպլոմը, համաձայն կրթության նախարարության պաշտոնական պատասխանի, անցողիկ չէ, քանի որ գործունեության ժամանակ դա եղել է չհավատարմագրված բուհ։
Սեդրակ Թևոնայնն էլ հայտնել է, որ հնարավոր է՝ անցնի այլ աշխատանքի՝ սակայն չբացելով փակագծեր՝ որտեղ։ Նշենք, որ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին է։
ՔՊ համամասնական ցուցակի համաձայն՝ հաջորդ համարները Լիլիթ Կիրակոսյանը և Էդգար Հակոբյանն են:
Լիլիթ Կիրակոսյանը հայտնել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատը։ Նշենք, որ Լիլիթ Կիրակոսյանը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է։