կարևոր
3292 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-04 19:13

Չէ, սրանք զուտ վարդենիսյան կրքեր չեն. Արթուր Խաչատրյան

Չէ, սրանք զուտ վարդենիսյան կրքեր չեն. Արթուր Խաչատրյան

Այն ինչ տեղի է ունենում սահմանամերձ Վարդենիսում սովորական բոսյակություն չէ։ Վարդենիսում փորձարկվում է «նոր» Հայաստանի պետական կառավարման մոդելը, որտեղ իշխում են բիրտ ուժը, ժանդարմների կամայականությունը, անպատժելիությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքել է Վարդենիսում նորընտիր ավագանու և համայնքապետի հետ կապված իրադրությանը: 

«Նիկոլականները չեն համակերպվում այն մտքի հետ, որ սահմանամերձ Վարդենիսում նրանք այլևս նախկին են, այլևս մերժված են, այլևս գտնվում են պատմության աղբանուցում։ ՔՊ-ական նախկին համայնքապետը, ով լայն հասարակությանը հայտնի է նրանով, որ ընտրարշավի թեժ օրերին, լրիվ պատահաբար, հայտնվել էր Հաղթանակ կամրջի վրա, հենց այն պահին, երբ մի երիտասարդ վարդենիսցի պատրաստվում էր ցատկել Հրազդան գետը, խիստ էկլեկտիկ կերպով է մեկնաբանում ընտրական օրենսգիրքը։ Աստված նորահայտ փրկիչ-սփայդերմանի հետ. առանձին վերցված մեկուսացված տարածքում նա կարող է իրեն Մարկոս Ավրելիոս էլ կարծել, բայց ու՞ր է պետությունը, ինչո՞ւ չի սանձում Վարդենիսում ծավալվող քաղաքական գրոտեսկը, երբ ընտրություններում պարտվածը՝ կամակոր երեխայի պես, կրծքին է սեղմում համայնքապետարանը կնիքն ու հիստերիկ աղաղակում․ «չեմ տա, իմն ա»։

Հասարակական կարգ ու կանոնը հսկելուն կոչված ոստիկանությունը դարձել է «փրկչի» հլու-հնազանդ գործիքը։ Ո՞վ է իրավունք տվել վարչապետի անմիջական ենթակայության տակ գտնվող ոստիկանությանը խոչնդոտել ավագանու նիստի անցկացմանը, քաղաքական կողմնապահություն դրսևորել։ Ես հարկ չեմ վճարում, որ ժանդարմները ՔՊ-ի հլու-հնազանդ գործիքը դառնան, որոշեն ավագանու անդամները երբ իրավունք ունեն համայնքապետարան մուտք գործել։

Չէ, սրանք զուտ վարդենիսյան կրքեր չեն։ Սա այն է ինչ սպասում է Մարտունուն, Եղեգնաձորին, Աշտարակին, Գյումրիին, Երևանին, և ողջ Հայաստանին, եթե նիկոլականները կարողանան հաջողել Վարդենիսում։ Սիրո և համերաշխության հեղափոխականներ, այսօր ժանդարմները ավագանու անդամներին չեն թույլատրում համայնքապետարանի շենք մտել, վաղը պատգամավորին թույլ չեն տա օրենք ընդունել, իսկ մյուս օրն արդեն քեզ թույլ չեն տա կարծիքդ հայտել կամ կպարտադրեն գլուխ խոնարհել օգոստոսափառ վարչապետի առաջ։

Զարթնիր, Հայաստան, վաղը կարող է ուշ լինել։ Մի թող, որ թուրքի առաջ ծնկածը իր կամքը պարտադրի Հայկի սերնդին․․․»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանները փակել էին Վարդենիսի համայնքապետարանի մուտքը՝ արգելելով նորընտիր ավագանուն նիստ անցկացնել: Այնուհանդերձ, Վարդենիսի համայնքապետարանի շենքի առաջ տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: Վարդենիսի համայնքապետարանի բակում ավագանու անդամներից 14-ը հաստատեցին օրվա նիստի օրակարգը՝ նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը: Նշվեց, որ քվորումն ապահովված է: Ահարոն Խաչատրյանը, երդման տեքստն արտաբերելով, ստանձնեց համայնքապետի լիազորությունները:

Հիշեցնենք, որ նույն կերպ էր կայացել նաև Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի երդմնակալությունը: Ինչպես Փարաքարում, այնպես էլ Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ներկա չէին արարողությանը: Առավոտյան ոստիկանները տեղեկացրել են, որ ՔՊ-ն դիմել է Վարչական դատարան՝ դեկտեմբերի 30-ի ավագանու նիստի որոշումը չեղյալ համարելու պահանջով: