կարևոր
2326 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-04 17:58

Ինչպես էր կարելի կալանքի վերանայման իրավունքն այսքան ոտնատակ տալ. Ռուբեն Մելիքյան

Ինչպես էր կարելի կալանքի վերանայման իրավունքն այսքան ոտնատակ տալ. Ռուբեն Մելիքյան

Վաղը՝ հունվարի 5-ին, ժամը 17:00-ին Վերաքննիչ քրեական դատարանը քննության կառնի պաշտպանության կողմի բողոքը ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանին կալանավորելու որոշման դեմ։ Հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Բողոքը ներկայացվել է դեկտեմբերի 14-ին, իսկ բողոքի քննությունը նշանակվել է 22 (!!) օր հետո։ Առհասարակ չեմ հասկանում՝ ինչպես էր կարելի կալանքի վերանայման իրավունքը այսքան ոտնատակ տալ։ Առհասարակ չեմ հասկանում՝ ինչպես էր կարելի այս մարդկանց ազատությունից զրկել։

ՀԳ. Դատավորի անունն է Լուսինե Հովհաննիսյան, սակայն դատական համակարգի պաշտոնական կայքում՝ վերաքննիչի դատավորների բաժնում, նրա անունն առհասարակ հիշատակված չէ»,- հայտնում է իրավապաշտպանը։

Հավելենք, որ «Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողի պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնց մեջ էր նաև Սերժիկ Ամիրխանյանը: Նոյեմբերի 16-ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Այնուհետև ՊՆ-ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով հայկակական կողմն ունի 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։