կարևոր
2281 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-04 17:26

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անտեսելու նկրտումները բացարձակապես անընդունելի են. ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի կոմիտեի հայտարարությունը

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անտեսելու նկրտումները բացարձակապես անընդունելի են. ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի կոմիտեի հայտարարությունը

Խաղաղությունը գերագույն արժեք է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն, ազգ ու պետություն: Հանցագործ պետություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելու տրամաբանական հիմքը սակայն, դրանց միջազգային պատասխանատվության ենթարկելն ու գործադրված հանցագործությունների հետեւանքները վերացնելն է: Այս մասին նշում է ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի կոմիտեն իր հայտարարության մեջ:  

«Պարբերաբար միջազգային հանցագործութիւններ՝ Ցեղասպանութիւն, ցեղային մաքրագործումներ, մարդկութեան դէմ ոճրագործութիւն, պատերազմական ոճիրներ եւ այլ յանցագործութիւններ ծրագրած ու գործադրած պետութիւններուն հետ կայուն ու արժանապատիւ խաղաղութեան կարելի է հասնիլ միայն այն ժամանակ, երբ տուեալ հանցագործ պետութիւնները կ՛ընդունին իրենց պատասխանատւութիւնը եւ լրջօրէն կը ձեռնարկեն հանցագործութիւններու հետեւանքներու վերացման ու հաշտութեան եւ անցումային արդարութեան գործընթացներու (օր., Հանցագործներու քրէական պատասխանատւութիւն, միջազգային օրէնքի համաձայն վնասներու ամբողջական վերականգում եւ հատուցում, չկրկնելու իրաւական եւ գործնական երաշխիքներ, եւ այլն): Առանց այս քայլերուն, խաղաղութիւն ցանկալը, աւելի ճիշդ մուրալը, նախ՝ խաբկանք է, ապա ազգակործան ու պետականակործան անհերատես ու անիրականանալի նպատակ կամ ռազմավարութիւն:

ՀՀ-ի իշխանութիւնները խաղաղութեան, կայունութեան եւ տարածաշրջանային ապաշրջափակման պատրանքին տակ կը շարունակեն սասանել ՀՀ-ի ազգային անվտանգութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը, կասկածի տակ առնել Արցախի Հանրապետութեան իրաւական հիմնարար սկզբունքները, վտանգել Արցախի ժողովուրդին ինքնորոշման իրաւունքը, Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետութեան յատուցումներու պահանջներու իրաւականությունը, ինչպէս նաեւ ընդունիլ Թուրքիոյ կողմէ պարտադրուած կործանարար նախապայմանները (ՀՀ-ի կողմէ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացէ հրաժարում, Արցախը Ադրբեջանին ներառելու, Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրաւական ամրագրում, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում)։ Այս Քայլերը, անկասկած առաւել կը խարխլեն ու բլուզման եզրին կը հասցնեն Հայաստանի Պետականութեան արդէն իսկ տկարացած հիմքերն ու գոյութիւնը: Ի սկզբանէ առ ոչինչ նկատուող այս մօտեցումները խիստ դատապարտելի ու անընդունելի են:

Առ այդ, ՀՀ իշխանութիւններէն անմիջականօրէն կը պահանջուի բացայայտել Հայաստան-Թուրքիա յարաբերություններու կարգաւորման գործընթացի ուղենիշները, հրապարակայինօրէն մերժել թուրքական նախապայմանները, շեշտել, որ Արցախի Հանրապետութիւնը Ազրպէյճանի կազմին մէջ ներառելու ինչպէս նաեւ Արցախի ժողովուրդին ինքնորոշման իրաւունքը անտեսելու նկրտումները բացարցակապէս անընդունելի են:

Անհրաժեշտ է յիշեցնել, թէ վերոնշել խնդիրները համազգային համահայկական բնոյթ ունին եւ ՀՀ-ի ո՛չ մէկ իշխանութեան իրաւունքն ու լիազօրութիւնն է այս խնդիրներուն գծով վճռորոշ քայլերու ձեռնարկել առանց համահայկական, համասփիւռքեան համախոհութեան: Հայ-թուրքական, հայ-ազերիական յարաբերությունները վեր են ու կախեալ չեն լոկ ՀՀ-ի ներկայ քաղաքական իշխանութիւններու մօտեցումներէն եւ անոնք կրնան կարգաւորուիլ ու տարածաշրջանային կայուն խաղաղութեան առաջնորդել միայն աշխարհասփիւռ հայ ժողովրդի համախոհութեամբ, առանց ոտնահարելու աշխարհասփիւռ թէ հայաստանաբնակ անցեալի, ներկայի ու ապագայի հայ սերունդներուն արժանապատւութիւնն ու անսակարկելի իրաւունքները»:

Հ.Յ.Դ. Կեդրոնական Եւրոպայի Կոմիտէ
04.01.2022