Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան ասել է, որ Վրաստանը չի մասնակցի, այսպես կոչված, «3+3» ֆորմատով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է Թուրքիայում։ Այս մասին դիվանագետն ասել է թուրքական Daily Sabah թերթին տված հարցազրույցում։
«Անկարան բազմիցս կոչ է արել ստեղծել համագործակցության նոր հարթակ, այսինքն «3+3», որը կմիավորի Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, Վրաստանին և Հայաստանին` այն բնութագրելով որպես Կովկասի բոլոր տարածաշրջանային դերակատարների շահեկան նախաձեռնություն: Այս ձեւաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում, որին ներկա չի եղել միայն Վրաստանը»,- հիշեցնում է թերթը։
Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ հանդիպմանը։ Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան բացատրել է, որ Վրաստանը Թուրքիային և Ադրբեջանին համարում է ռազմավարական գործընկերներ։ Իսկ Հայաստանը պատմական ու բարի հարեւան է։
«Սակայն Ռուսաստանը մի երկիր է, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»,- ասել է Ջանջգավան։Առաջին հանդիպումը Մոսկվայում կայացել է դեկտեմբերի 10-ին։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։
Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով Մոսկվայում կայացավ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» աշխարհաքաղաքական նախագծին, գլխավոր պատճառը՝ Ռուսաստանն է:
Հավելենք, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ տարածաշրջանում փոխվել էր ուժերի հարաբերակցությունը, հենց Թուրքիան էր, որ կրկին շրջանառության մեջ դրեց տարածաշրջանային հարցերը միայն ներքին խաղացողներով լուծելու համար միասնական հարթակ ձեւավորելու գաղափարը։ Այն 2008 թվականին նախաձեռնել էր հենց Թուրքիան, որի գործընթացը սկսվել էր ռուս-վրացական պատերազմից հետո: Ձեւաչափը արտաքինից ենթադրում էր, թե բոլոր տարաձայնությունները պետք է զրոյացվեն, սակայն Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից՝ նշելով, որ չի կարող համագործակցել հարավային Օսիան եւ Աբխազիան զավթած Կրեմլի հետ:
Ձեւաչափը դեռ չձեւավորված արդեն իր նախնական կառուցվածքը կորցրեց, երբ Վրաստանն ի սկզբանե հրաժարվեց դրան մասնակցել։ Անգամ Մոսկվայում կայացած առաջին նիստին վրացական դրոշի առկայությունն էր զավեշտալի, ու հետագայում պաշտոնական Թբիլիսիի բողոքի պատճառ։ Մոսկովյան առաջին շփումի մասին հնչեց միայն պաշտոնական մի քանի բառանոց հայտարարություն։ Գործնական որեւէ հիշատակում առայժմ բացակայում է։