կարևոր
3982 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-04 11:42

Կայացավ Վարդենիսի նորընտիր համայնքապետի երդմնակալությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չնայած ոստիկաններն այսօր առավոտից փակել են Վարդենիսի համայնքապետարանի շենքը, այնուհանդերձ Վարդենիսի համայնքապետարանի շենքի առաջ տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:

Վարդենիսի համայնքապետարանի բակում ավագանու անդամներից 14-ը հաստատեցին օրվա նիստի օրակարգը՝ նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը: Նշվեց, որ քվորումն ապահովված է: Ահարոն Խաչատրյանը, երդման տեքստն արտաբերելով, ստանձնեց համայնքապետի լիազորությունները:

«Սիրելի վարդենիսցիներ, Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրության, ինչպես նաեւ երդմնակալության  ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ, բայց ինչպես տեսնում եք` մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները, չընկրկեց ոչ մի դժվարության առաջ, վստահեցնում եմ ձեզ, որ ավելի նվիրումով ու ոգեւորությամբ կյանքի ենք կոչելու բոլոր ծրագրերը, չենք կանգնելու ոչ մի դժվարության առաջ: Ծառայելու ենք մեր  հայրենիքի պաշտպանությանը: Սիրելի ժողովուրդ, այս պահից սկսած ձեր բոլոր հոգսերն ու խնդիրները ես համարում եմ իմը: Վերականգնելու եմ հասարակական համերաշխությունը, Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներին չեմ բաժանելու գյուղաբնակների եւ քաղաքաբնակների եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի տիրի համերաշխությունը, հասարակական համախմբվածության մթնոլորտ: Մեր համայնքը շենացնելու ենք միասին»,-ասաց նորընտիր համայնքապետը:

Դրանից հետո ավագանու անդրանիկ նիստը համարվեց փակված։

Հիշեցնենք, որ նույն կերպ էր կայացել նաև Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի երդմնակալությունը: Ինչպես Փարաքարում, այնպես էլ Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ներկա չէին արարողությանը: Առավոտյան ոստիկանները տեղեկացրել են, որ ՔՊ-ն դիմել է Վարչական դատարան՝ դեկտեմբերի 30-ի ավագանու նիստի որոշումը չեղյալ համարելու պահանջով: Երեկ Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն ընդդիմությանն առաջարկել է վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: Արամ Մելքոնյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքապետ, իրավական տեսանկյունից առոչինչ է:Ավագանու ընդդիմադիր անդամները պնդում են, որ տեղի ունեցածն օրենքի սահմաններում է, Ահարոն Խաչատրյանն էլ օրենքի ուժով ընտրված համայնքապետ է:  

Տպավորություն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիս համայնքի բնակիչների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Ավետյանն ընդգծեց, որ դեկտեմբերի 30-ին ավագանու նիստը կայացել է օրենքի սահմաններում, որը ՔՊ-ական ավագանիները փորձում էին խոչընդոտել, միջամտում էր կառավարությունը, ոստիկանական զորքերը, շատ վատ տեսարան էր:

«Ինչևէ, մեզ հաջողվեց օրենքը բացատրել և ցույց տալ, որ նիստը պետք է կայանա: Նախապես հայտարարվել է, կայքում էլ՝ տեղադրվել, որ այսօր երդմնակալությունը պետք է կայանա: եթե ամեն ինչ սահմանադրական կանոններին համապատասխան է, ոստիկանները պարտավոր են ոչ թե փակել համայնքապետարանի մուտքը, այլ՝ պարտավոր են պայմաններ ապահովել, որ առանց խոչընդոտների կայանա երդմնակալության արարողությունը: Չեմ կարծում, որ որևէ գիտակից մարդ այս իրավիճակը կընդունի որպես նորմալ»,- նշեց Ավետյանը՝ ընդգծելով, որ Կառավարության կողմից ոտնահարվում է Սահմանադրությունը»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել նորընտիր ավագանու առաջին նիստը: Մինչեւ նիստի սկսելը ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ 3 ժամ անց ընդդիմությանը ի վերջո հաջողվել էր նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ականները նիստին չեն մասնակցել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Սակայն «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, եւ նա կալանավորվել է։