կարևոր
568 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-04 11:07

Վարդենիսում ոստիկանները փակել են համայնքապետարանի շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարդենիսում ոստիկանները փակել են համայնքապետարանի շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարդենիսում այսօր` հունվարի 4-ին, ժամը 11:00-ին ավագանու առաջին նիտի որոշմամբ նշանակված է Վարդենիսի ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունը: 

Ոստիկանական ուժերը վաղ առավոտից շրջափակել են համայնքապետարանի շենքը և թույլ չեն տալիս ավագանու անդամներին ներս մտնել շենք: 

Նշենք, որ երեկ Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն ընդդիմությանն առաջարկել է վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: Արամ Մելքոնյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքապետ, իրավական տեսանկյունից առոչինչ է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Սակայն «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, եւ նա կալանավորվել է։

Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել նորընտիր ավագանու առաջին նիստը: Մինչեւ նիստի սկսելը ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ 3 ժամ անց ընդդիմությանը ի վերջո հաջողվել էր նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ականները նիստին չեն մասնակցել: