Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու հետ երեկ կայացած հեռախոսազրույցում ի թիվս այլ հարցերի քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հաղորդագրության՝ պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն խոսել են Ուկրաինայում ռուսական էսկալացիայի սպառնալիքի հետ կապված շարունակական համակարգման կարևորության մասին։ Քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորություններ և որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ լուծելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները:
Պետքարտուղար Բլինքենն իր թվիթերյան գրառման մեջ հեռախոսազրույցը դրական է գնահատել, սակայն չի նշել հայ և թուրք բանագնացների թեմայի քննարկման մասին: