կարևոր
8218 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-03 17:52

ՔՊ-ն չի հաշտվում պարտության հետ. Վարդենիսում նոր ընտրություն են առաջարկում

ՔՊ-ն չի հաշտվում պարտության հետ. Վարդենիսում նոր ընտրություն են առաջարկում

Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկում է ընդդիմությանը վայր դնել մանդատները, ու նոր ընտրություններ անցկացնել: Այսօր՝ հունվարի 3-ին, համայնքապետարանում համակիրների հետ հանդիպմանն Արամ Մելքոնյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 30-ին ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքապետ, իրավական տեսանկյունից առոչինչ է:

«Ընդդիմությունը խաբելով է ձայներ հավաքել, եկեք բացեիբաց, բաց ճակատով գնանք ընտրության, մեր թիմը ամուր կանգնած է, մեր ձայները կորած չեն եւ մենք պայքարը շարունակելու ենք»,- ասաց Արամ Մելքոնյանը:

Վարդենիս համայնքի ղեկավարն արդեն կա՝ Ահարոն Խաչատրյանն է, մնում է ընդամենը, որ նա երդմնակալության մասնակցի: Yerkir.am-ի հետ հարցազրույցում էլ հաստատում է Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանը։

Վարդենիսի ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունը նախատեսված է վաղը՝ հունվարի 4-ին, ժամը 11։00-ին։

Երդմնակալության արարողության համար էլ նախ՝ պետք է ավագանու առնվազն 14 անդամ ներկա լինի, որպեսզի քվորումն ապահովվի։ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքներն այդ քվորումն ապահովում են։ Արարողակարգային նիստի ժամանակ տեղի ունեցող երդմնակալությունից հետո պետք է այդ տեքստը համայնքապետը ստորագրի և հանձնի համայնքապետարանի աշխատակազմ որպես փաստաթուղթ, որը պարտադիր պետք է մնա համայքնապետարանում։

«Արդեն իսկ ընտրությունը եղել է և ֆորմալ առումով որևէ բան նրանց հնարավոր նիստը չի կարող փոխել։ Նախ՝ 13 հոգով չեն կարող քվորում ապահովել, երկրորդը՝ եթե քվորում չկա որևէ աշխատանք իրավազոր չէ, որևէ ընտրություն իրավազոր չէ։ Բացի այդ էլ համայնքի ղեկավարը կա, մնում է ընդամենը, որ նա երդում տա»,-ասաց Շահնազարյանը։

Հնարավոր շահարկումներից խուսափելու համար դեկտեմբերի 30-ին, երբ Ահարոն խաչատրյանն ընտրվեց համայնքապետ, ավագանու անդամները ստորագրեցին նիստի արձանագրությունն ու քվեարկած քվերաթերթիկների պատճեների հետ դա փոստով ուղարկեցին Վարդենիսի համայնքապետարան, իսկ բնօրինակներն ի պահ տվեցին ավագանու անդամներից մեկին։ 

«Կտրոնը ընդամենը ֆորմալ բնույթն է ապահովում, որ մենք մեր բոլոր պարտականությունները կատարում ենք․ մենք ուղարկում ենք դա, ոորվհետև պետք է համայնքապետարանում լինի համապատասխան փաստաթուղթ, բայց եթե անգամ աշխատակազմը հրաժարվի ընդունել այդ փաստաթուղթը, դա որևէ բան չի փոխելու։ Օրենքը պահանջում է ավագանու նիստն անցկացնել, օրենքը պահանջում է քվորում ապահովել, օրենքի այս բոլոր պահանջները մենք կատարել ենք, եթե որևէ աշխատակից թերանում է կատարել օրենքով սահմանված իր պարտականությունները, դա արդեն մեր մեղքը չէ»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Սակայն «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, եւ նա կալանավորվել է։

Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել նորընտիր ավագանու առաջին նիստը: Մինչեւ նիստի սկսելը ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ 3 ժամ անց ընդդիմությանը ի վերջո հաջողվել էր նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ականները նիստին չեն մասնակցել: