Այսօրվանից Հայաստանում խմելու ջուրը թանկացավ։ 2022 թվականի հունվարի 1-ից ջրի մեկ խորանարդի դիմաց 180 դրամի փոխարեն սպառողները կվճարեն 20 դրամով ավելի՝ 200,47 դրամ։ Սակագինը, սակայն, նույնը կմնա սոցիալապես անապահով ընտանիքների համար։
«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել էր նախորդ տարեվերջին՝ նոյեմբերին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2022 թվականի սակագների վերանայման հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 137 566 խորանարդ մետր։
Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր խոստացել՝ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։
Հավելենք, որ 2021-ի տարեվերջին հաստատվեց նաև Էլեկտրանէներգիայի նոր՝ ավելացված սակագները, որոնք կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից: