կարևոր
3943 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-01 17:40

Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը. այսօր Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է

«Ազգային ոգի – ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը»:

«Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն»:

Գարեգին Նժդեհ

Հունվարի 1-ը  Լեռնահայաստանի վարչապետ, սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է: Հայազգի ռազմական և պետական գործիչ, իմաստասեր, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար։ Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:

Գարեգին Նժդեհը՝ Գարեգին Տեր-Հարությունյան կամ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։

Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ 17 տարեկան հասակից միացել է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողել է ուսումը և ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թվականին մեկնել է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադարձել է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ։

1907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։  

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո,1918 թվականի վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։ Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացել և գործի է դրել Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտ են արել Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։

1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցել է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռացել է Բուլղարիա։

Կասկածվելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, 1944 թվականի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվել է։ Նրան տեղափոխել են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկել Լյուբյանկա բանտում։ 1946 թվականի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկել են Երևան, ուր դատաքննությունը ավարտվել է 1948 թվականին. Նժդեհը դատապարտվել է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թվականից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։

1948-1952 թվականներին Նժդեհը գտնվել է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամռանը՝ Երևանի բանտում։ Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխել են Վլադիմիր, ուր և նա մահացել է 1955 թվականիի դեկտեմբերի 21-ին։