Այսօր 55 տարեկանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը: shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա մահացել է «Երազ» թաղամասի իր բնակարանում։
Հիշեցնենք, որ Հայրապետովը միակ մարդն էր, որ ներկա էր Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպմանը։ Գրիշա Հայրապետովը աշխատանքից ազատվեց, երբ վերելակային բանակցությունների մասին կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը քաղաքական մեծ աղմուկ էր բարձրացել։
Գրիշա Հայրապետովը պետական պահպանության այն եզակի ծառայողներից էր, որ աշխատել էր նախկին երեք նախագահների անվտանգություններում, իսկ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։ Հայրապետովը Հայաստանի երեք նախագահների և Փաշինյանի անվտանգության գլխավոր պատասխանատուն է եղել։
Ըստ լրատվամիջոցների՝ Հայրապետովն այսօր առավոտյան վատ է զգացել, շտապ օգնություն են կանչել, սակայն շտապ օգնության հեռանալուց հետո շատ չանցած Հայրապետովը մահացել է, նախնական վարկածով՝ սրտի կաթվածից:
Գրիշա Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատուն: Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Փաշինյանի անվտանգությունը։ 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ:
2006 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալից ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
2019 թվականի հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Գրիգորի Հայրապետովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում: