կարևոր
2284 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-31 10:52

Թո՛ղ արցախյան երկինքը միշտ խաղաղ լինի. Ստեփանակերտի քաղաքապետի ուղերձը

Թո՛ղ արցախյան երկինքը միշտ խաղաղ լինի. Ստեփանակերտի քաղաքապետի ուղերձը

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանաակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի Ամանորի ուղերձը.

«Ահա և ավարտվում է 2021 թվականը՝ լի բազմապիսի ծրագրերով ու հակասական տրամադրություններով: Անցնող տարին ինչպես ողջ Արցախի, այնպես էլ Ստեփանակերտի համար կհիշվի որպես պատերազմի ծանր վերքերի ապաքինման ժամանակաշրջան:

Գիտեմ՝ ամեն կորուստ չէ, որ հնարավոր է վերականգնել: Խոսքն առաջին հերթին մարդկային կորուստների մասին է: Բայց և գիտակցում եմ՝ հուսահատվելու իրավունք չունենք: Պետք է համառորեն շարունակենք ապրել և արարել, պետք է անենք ամեն հնարավորը Արցախը հայկական պահելու համար: Դրան հասնելու ճանապարհը մեկն է՝ անխոնջ աշխատանք ու նվիրում՝ գործին, գաղափարին, հայրենիքին:

Արցախի յուրաքանչյուր համայնք՝ մեծ թե փոքր, հոգատարության կարիք ունի... Մայրաքաղաքի տարբեր հատվածներում խոշորածավալ շինարարական նախագծեր են իրականացվում, նոր բնակթաղամասեր են ուրվագծվում: Հասարակական նշանակության օբյեկտներն են ավելանում ու աշխուժանում: Այսինքն, Ստեփանակերտն ապրում է: Այն ավելի բազմամարդ է դարձել. վերջին մեկ տարվա ընթացքում նրա բնակչության թիվը զգալիորեն աճել է, քանի որ մեր տեղահանված հայրենակիցներից մոտ 15 հազարը հաստատվել է այստեղ: Նրանք արդեն մեր համաքաղաքացիներն են՝ իրենց ներկայությամբ Ստեփանակերտի դիմագիծը ավելի բազմազան դարձնելով...

Առիթից օգտվելով՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր բոլոր համայնքային ընկերությունների կոլեկտիվներին ու Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմին այս ծանր շրջանում քաղաքի կենսագործունեությունը բնականոն հուն վերադարձնելու, քաղաքացու հոգսերին հաղորդակից լինելու համար...

Սիրելի՛ հայրենակիցներ, հակառակ խռովահույզ ապրումներին, այնուհանդերձ պարտավոր ենք ապրել և ապրեցնել՝ հանուն մեր երեխաների: Շնորհավո՜ր Ամանոր: Թո՛ղ արցախյան երկինքը միշտ խաղաղ լինի, թո՛ղ բոլորս կյանքի և միմյանց հետ հաշտ ու համերաշխ լինենք:

Գալդ բարի, 2022 թվական»: