կարևոր
1951 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-12-30 22:01

Հայաստանը բացում է դռները Թուրքիայի առաջ. թուրքական ապրանքների էմբարգոն վերացված է

Հայաստանը բացում է դռները Թուրքիայի առաջ. թուրքական ապրանքների էմբարգոն վերացված է

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։

«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ անցած տարվա հոկտեմբերին Կառավարության որոշմամբ արգելվեց 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից թուրքական ծագմամբ ապրանքներ ներկրել Հայաստան։ Արգելքը սահմանվել էր վեց ամսով, ապա երկարաձգվեց ևս կես տարով, որի ժամկետը ավարտվում է վաղը։

Ավելի քան երկու շաբաթ առաջ Էկոնոմնիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ արգելքը լրացուցիչ վեց ամսով երկարաձգելու որոշման նախագիծ է մշակվում, սակայն այն այդպես էլ չհայտնվեց կառավարության օրակարգում։ Այսօր՝ Կառավարության տարեվերջյան նիստին թուրքական պարանքների էմբարգոյի երակարացման մասին որոշման նախագիծ չկար: Այսպիսով, հունվարի 1-ից այն այլևս ուժը կորցրած է համարվում։