Դատարանը մերժեց Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում է «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և հավելում, որ որոշումը կայացրել է դատավոր Շիրոյանը։
Ռոբերտ Նալբանդյանի անազատության գործով դատարանը պետք է որոշումը հրապարակեր այսօր՝ ժամը 11:50-ին, սակայն խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ հայտարարեց վարույթը վերսկսելու մասին՝ պայմանավորված երեկ 5 գերու հայրենադարձման փաստով։ Նոր նիստը նշանակվել էր այսօր՝ ժամը 17:30-ին։
Ռոբերտ Նալբանդյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար։ Նա երեք անչափահաս երեխա ունի, իսկ ադրբեջանական գերության ընթացքում ծեծի հետեւանքով ստացել է կողոսկրերի կոտրվածք:
Հավելենք, որ «Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողի պաշտպանությունը: