կարևոր
2860 դիտում, 10 ամիս առաջ - 2021-12-30 15:28

Վարդենիսի համայնքապետն ընտրվեց

Վարդենիսի համայնքապետն ընտրվեց

Չնայած իշխանության ջանքերի՝ ամեն կերպ խափանել այսօր նշանակված Վարդենիսի նորընտիր ավագանու նիստը, այնուհանդերձ, նիստը կայացել է, և ավագանու անդամների քվեարկությամբ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը: 

14 կողմ, զրո դեմ, զրո անվավեր ձայներով Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Վարդենիսի քաղաքապետարանում հայտարարեց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը:

Համայնքի նորընտիր ղեկավարի երդմնակալության օր է սահմանվել 2022թ.-ի հունվարի 4-ը, ժամը 11:00, որից հետո համայնքապետը կստանձնի իր լիազորությունները: 

«Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ նիստը պետք է կայանա, քանի որ ներկայացված ընթացակարգը ճիշտ է այն դեպքում, երբ ավագանու անդամները չեն ներկայանում կամ գրանցումից հետո ինքնակամ լքում են նիստերի դահլիճը, իսկ այս դեպքում ավագանու 14 անդամ գրանցվել է, քվորում ապահովված է։

Ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ներկայացրեց համայնքապետի իր թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին։ «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ իրենք, համաձայն արդեն կնքված հուշագրի, իրենց քվեն տալու են Ահարոն Խաչատրյանին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Սակայն «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, եւ նա կալանավորվել է։