կարևոր
838 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-29 19:51

2022 թվականին Արցախում բուժօգնությունը կդառնա անվճար

2022 թվականին Արցախում բուժօգնությունը կդառնա անվճար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 29-ին մասնակցել է առողջապահության համակարգի արդյունքների ամփոփմանը նվիրված տարեվերջյան նիստին, որին մասնակցում էին ոլորտում գործող բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավարները:

Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության աշխատակազմի ընթացիկ տարում իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությունները, առկա խնդիրների ու լուծումների մասին դիտարկումները և ծավալել շահագրգիռ քննարկում՝ նվիրված հանրապետության առողջապահական ծառայությունների կատարելագործմանը:

Առանձին անդրադարձ է կատարվել Արցախում լրիվ անվճար բուժօգնության ծրագրի ներդրմանը: Բեգլարյանը նշել է, որ համաձայն հանրապետության նախագահի ծրագրի՝ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները հստակ են: Արդեն ձևավորված է անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը, և 2022 թվականին կյանքի է կոչվելու լրիվ անվճար բուժօգնությունը բնակչության համար:

Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ բարեփոխումներ և տեղային բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները: Պետական նախարարն առաջարկել է նման ընգրկվածությամբ հանդիպումներն առավել հաճախակի դարձնել՝ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների միջոցով նպաստելով առողջապահական համակարգի շարունակական բարելավմանն ուղղված պետական քաղաքականության կիրարկմանը: