կարևոր
1714 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-29 11:05

Ուրախ-տխուր մարդը. այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է

Այսօր Մհեր Մկրտչյանի կամ նույն Ֆրունզիկ Մկրտչյանի կամ՝ Արսենի, Գարսևանի, Իշխանի, կամ... կամ... կամ... հիշատակի օրն է: 28 տարի առաջ, դեկտեմբերի 29-ին կյանքին հրաժեշտ տվեց կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն՝ Ֆրունզիկ Մկրտչյանը։ 

Ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Ֆրունզիկը մանկուց երազել  էր դառնալ դերասան` հաճախ կազմակերպելով իմպրովիզներ ընկերների և ծանոթների համար։ Անգամ հոր հետ տեղ գտած դիմակայությունը չէր կարող ոչինչ փոխել։ 

 

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ Դերասանին լավ ճանաչող մարդիկ հաճախ  պնդում էին, որ նա մեծ լավատես էր, շրջապատի սիրտն ու ոգին, կանանց սրտակերը, միաժամանակ` անսահման տխուր և հոգնած, անձնական խորը ողբերգություն վերապրած մի անձնավորություն։  Նույնը կարելի է ասել Ֆրունզիկի ֆիլմերի մասին, որոնց մեծ մասը ներառվել է հայկական կինեմատոգրաֆի ոսկե ֆոնդում։ Անգամ ամենակատակերգական իրավիճակում դերասանի աչքերի խորքում կարելի է նկատել տխրություն, իսկ ամենաողբերգական դրվագում նա հանդիսատեսին պարգևում էր վարակիչ ժպիտ` անգամ արցունքների միջով։ 

1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ Ֆրունզիկի համար մեծ երջանկություն էր ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Նա գրեթե միանգամից սկսում է խաղալ Հայաստանի առաջատար թատրոններից մեկի` Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։

Եղել է դերասանուհիներ Դոնարա Մկրտչյանի, ապա` Թամար Հովհաննիսյանի ամուսինը, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի եղբայրը: Ի դեպ նա 3 կին է ունեցել: Առաջինը եղել է իր համակուրսեցի Քնարան: Վերջին կինը դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էր՝ Հրաչյա Հովհաննիսյանի աղջիկը:

Դրամատիկ էր դերասանի երկրորդ ամուսնությունը: Դերասանուհի Դոնարա Մկրտչյանը տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ: Եղել է հոսպիտալացված Ֆրանսիայում: Այցելել է նաև հոգեբուժական հիվանդանոց Երևանում: Կյանքի վերջին 25 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում:

 Նրանց ընտանիքում 2 երեխա է ծնվում: Նունեն մահանում է 1998 թվականին ավտովթարի արդյունքում, իսկ Վազգենը, որը տառապում էր մորից ժառանգած հիվանդությամբ, մահանում է 2003 թվականին:

Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հայտնի մասնակից Միխայիլ Ֆրունզեի։ Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան։ Փոքր հասակում կրել է «Քիթ» մականունը։

1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

1988թ. Երևանում հիմնադրել է արտիստական թատրոն և թատրոն-ստուդիա, որտեղ եղել է գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: Թատրոնը 2004թ-ից կոչվում է նրա անունով: Արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների, պատվոգրերի, մեդալների, 1975թ.` Հայաստանի, 1979թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2001թ., հետմահու): 1971թ. արժանացել է Հայաստանի, 1980թ.` Վրաստանի, 1984թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:

Խաղացած ներկայացումներից են` Ժ.Հարությունյանի «Սրտի արատ» (Գվիդոն), «Ղազարը գնում է պատերազմ» (Ղազար), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Պաղտասար), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի, Զամբախով), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Հայրապետ), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), Մ.Գորկու «Հատակում» (Բարոն), Գ.Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը» (Եզովպոս), Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (Սիրանո) և այլն: Վերջին դերը եղել է Հացթուխը` Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացման մեջ, որտեղ եղել է նաև ներկայացման ռեժիսորը:

Մեծանուն Գյումրեցին կյանքից հեռացավ 1993 թ.-ի դեկտեմբերի 29–ին։ Նրա հիշատակը վառ է յուրաքանչյուր հայի սրտում։ Ֆիլմերում հնչող նրա արտահայտությունները, օրինակ՝  «վառե վառե, ինձ վառեցիր երեխեքին վառեցիր, աշխարհն էլ վառե, և այլք»  դարձել են թևավոր։ Մեծ դերասանն արդեն երկար տարիներ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգեբես նա ապրում է յուրաքանչյուր հայի օջախում։

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է  Մհեր Մկրտչյանը:

Նա խաղաց ամեն ինչ, խաղաց այնպես, որ յուրաքանչյուր կերպար անմոռանալի է ու տպավորիչ։  

Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):