կարևոր
2476 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-29 10:28

Լրատվական դաշտից՝ ավիացիոն բիզնես. «Արմենպրես»-ի տնօրենն ազատվել է

Լրատվական դաշտից՝ ավիացիոն բիզնես. «Արմենպրես»-ի տնօրենն ազատվել է

««Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ազատվել է պաշտոնից և տեղափոխվել մասնավոր ոլորտ։ Նա նշանակվել է նորաբաց Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ։ Ընկերության հիմնադիրներից մեկը, հիշեցնենք, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը։ Գրում է «Հրապարակ» թերթը:

Անանյանը նշել է, որ հիմնադիրների հրավերով է գնացել այս ընկերություն, որն իր մեկնարկը սկսեց որոշակի ձախողմամբ. Երևան-Մոսկվա-Երևան անդրանիկ թռիչքի օրը պարզվեց, որ Ռուսաստանը թույլտվություն չի տրամադրել ռուսական ուղղություններով թռիչքների համար, և բոլոր չվերթները չեղարկվեցին, չնայած մեծ թվով տոմսեր էին վաճառվել և թռիչքներ նշանակվել։

Իսկ ինչո՞ւ որոշեց լրատվական դաշտում երկարամյա աշխատանքը փոխել բիզնեսի, այն էլ ավիացիոն բիզնեսի ոլորտով։ Արամ Անանյանն ասաց. «Որովհետև մասնագիտական շարունակական աճի և մեր երկրի համար կարևորագույն ոլորտներից մեկի զարգացման հարցում ներդրում ունենալու հնարավորություն եմ տեսնում»։ Այս պահին «Արմենպրես»-ի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարում է Նարինե Նազարյանը, մինչև նոր տնօրենի համար մրցույթ կհայտարարվի»։