Աշոտ Մինասյան ԵՐԿԱԹ-ի գործով նախաքննությունն ավարտվել է։ Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը հայտնում է.
«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։
Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն, և այդ մասով Աշոտ Մինասյանն ունի արդարացվածի կարգավիճակ։
Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում/։
Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020թ-ի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։
Նախաքննության ավարտից հետո ծանոթանալով քրեական գործի նյութերին, դրանում չհայտնաբերելով Աշոտ Մինասյանի առնչությունը հանցանքին հասվաստող գեթ մեկ ապացույց՝ այսօր միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և կայացրել արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: