«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պատրաստ եք պայքարել ձեր իրավունքների, ձեր ազատության համար, մենք կառաջնորդենք ձեզ դեպի հաղթանակ: Սակայն եթե դուք պատրաստվում եք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում եք ապրել ինչպես ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել և շատ լաց լինել, եթե ցանկանում եք նստել հեռուստաէկրանի առաջ և հեռվից հետևել սեփական փրկությանը, ապա առավելագույնը, ինչ կտեսնեք, կլինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն: ․․․ Արդեն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար և հաղթանակ: Ձեր պայքարը և ձեր հաղթանակը: Պարզապես մենք ուրիշներից լավ գիտենք, որ մեկն առանց մյուսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարեն ընտրում եք կախարդական հեքիաթը․․․». Վահան Հովհաննիսյան:
Այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ ընկեր Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրն է: Վահան Հովհաննիսյանը կյանքից հեռացավ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին:
- Եթե Ձեզ առաջարկվեր անմահություն առանց որեւէ նախապայմանի, կընդունեի՞ք:
- Այդպիսի գործարքները, որպես կանոն, անգին չեն լինում: Դա կախված է գնից: Բայց ես հակված կլինեի ընդունել այն: Մյուս կողմից, անվերջ կյանքը նշանակում է արդյո՞ք անվերջ երիտասարդություն է: Հիշեք, Սվիֆթի մոտ նկարագրված է մի կղզի, որտեղ մարդիկ անմահ էին, սակայն թորշնում էին մինչեւ 90 տարեկան, եւ այդպես ապրում էին դարերով: Եթե այդպես, ապա, ոչ, շնորհակալ եմ: Այնուամենայնիվ, եթե առաջարկը լիներ առանց նախապայմանի, կարծում եմ, կընդունեի, բայց այդ դեպքում հնարավոր է, որ նախապայմաններ կլինեին իմ կողմից:
- Եթե տեսնեք Աստծուն, ի՞նչ կասեք նրան:
- Կասեի, որ ոչ շատ արագ եւ ոչ հեշտությամբ, սակայն հավատացի եւ հավատում եմ նրա գոյությանը եւ այն բանին, որ աշխարհը ստեղծվել է իր կողմից: Անգամ իմ մասնագիտությունը, որը, կարծես թե, պիտի շեղեր ինձ այդ հավատքից, շատ հստակ հաստատում է իր գոյությունը:
Մի հարցազրույցում էլ, անդրադառնալով հայտնի ռուս գիտնական, Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկու կողմից ասված այն մտքին, թե ափսոսում է, որ Վահանը հեռացել է հնագիտությունից եւ դարձել քաղաքական գործիչ, Վահանն ասում է. «Ինձ հայտնի չէ, որ նման բան է ասել: Բայց եթե որեւէ մեկն ասել է, ապա ես համաձայն եմ: Ես էլ եմ ափսոսում: Բայց ճակատագիրն է ստիպել: Երբ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի դարձավ, ես շատ երիտասարդ չէի, բայց մինչ այդ սովետական բանակում, չինական սահմանի վրա, հատուկ ջոկատներում էի ծառայել: Զենքին եւ պատերազմի արվեստին տիրապետում էի: Եթե գիտելիքներ ունես, որոնք քո ժողովրդին այդ պահին պետք են, ուրեմն ընտրության առջեւ ես՝ եթե ոչ՝ ես, ապա ո՞վ»:
1989 թվականի Վահան Հովհաննիսյանը անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:
Հարցազրույցներից մեկում նա նշել է. «Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ես չէի պատրաստվում խառնվել քաղաքականությանը եւ կուսակցական կյանքին: Իմ գործը գիտությունն էր: Սակայն, 1988 թ. հայ ժողովուրդը որոշեց, որ բարձր ատյաններ դիմելու միջոցով կարող է հասնել պատմական արդարության: Ես հասկանում էի, որ դա հարցի լուծում չէ, եւ սկսեցի միջոցներ փնտրել անխուսափելին`այսինքն` պատերազմը, դիմավորելու համար: Այդ որոնումների մեջ հանդիպեցի մի կուսակցության, որը կազմակերպչական առումով ավելի լավ էր պատրաստ այն իրողություններին, որոնք սպասում էին մեզ, եւ ինչն այն ժամանակ շատերի կողմից չէր գիտակցվում: Իսկ ցեղական գաղափարական ժառանգությունը պարզապես օգնեց գտնելու Հայրենիքին ծառայելու ճշգրիտ ճանապարհը` ՀՅԴ միջոցով»:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրվա առիթով ներկայացնում ենք նրա հուշերից…
«Ֆիզիկապես բանտը խլեց իմ կյանքից համարյա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարևորագույն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարավորությունը: Եվ շատ ուրիշ հնարավորություններ, որոնցից մի մասն այլևս չես վերադարձնի: Առաջացան նաև որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց, ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաև ժողովրդից. արժանապատվության ու սեփական ուժերին ապավինելու հույսը խլեց: Շատերն այդ պահին վախեցան: Կուսակցության մասին չէ խոսքս` կուսակցությունը դիմացավ: Խոսքս հասարակության այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունեին՝ նրանք մի կողմ քաշվեցին: Մեր ձերբակալումից հետո ու բանտարկության տարիներին, նույնիսկ, արտագաղթի տեսակը փոխվեց, վերածվեց քաղաքականի: Շատերին թևաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որևէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափության դեպքում մարդը ժամանակ հետո ընդունակ է վերականգնել հավատը, իսկ քաղաքական հիասթափության պատճառով գնացածները շատ հազվադեպ են վերադառնում երկիր:
Այնուամենայնիվ ես իմ երեք տարվա մենությունը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերեն լեզվին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, հետո կամաց-կամաց ահագին գրականություն կարդացի… Բանտը նաև մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարավորություն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կյանքից բացի ուրիշ բան չկա:
Հիասթափության պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալվել ես: Եթե կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարությունը, հո, գիտեի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մեջ ոչինչ չի փոխվել: Պարզապես քայլերս եմ վերանայել, որպեսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետևանք լինի, ճիշտ լինելու դեպքում էլ կարող ես պատժվել, եթե սխալ ես քայլել: Համենայն դեպս, բանտարկված ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտա այս խաղերի մեջ, էլ չեմ անի…
Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կգամ ու դրանց աչքերը կհանեմ: Վրեժխնդրության պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապես գարշանք եմ զգում: Իսկ վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի. վենդետան իր ետևից վենդետա է բերում, և այդպես շարունակ…
Ի վերջո, Տեր Պետրոսյանի դեմ շարժումը հաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապես իր նկատմամբ պետք է արվեին որոշակի քայլեր. գահընկեցությունից հետո սահմանադրական ժողովը պետք է որոշեր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից հետո արդեն ձևավորված լեգիտիմ իշխանությունը քննություն անցկացներ: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դեպ, բոլորովին չէր ենթադրում իշխանության գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, հիշում եմ, հնգյակներ, վեցյակների բլոկներ, հանրապետականները սկզբից մեզ հետ էին, հետո Լևոնի հետ ինչ-որ ձևով լեզու գտան, Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար…
Մի խոսքով Լևոնին հաջողվեց քայքայել ընդդիմադիր միասնությունը՝ մեկին կաշառեց, մեկին համոզեց, իսկ մեզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մեզ չջարդեց, իսկ ինքը պարտվեց»: