կարևոր
1126 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-27 18:35

Յուրաքանչյուրիս խոսքն այն դիմադրությունն է, որը պետք է խոչընդոտի կազմաքանդման գործընթացը. Դավիթ Իշխանյան

ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի ելույթը «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» օրակարգով հրավիրված ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ.

«Անկեղծ ասած սպասում էի, որ նվազագույնը 20 հոգի կհերթագրվի ելույթներ ունենալու համար: Սա այն պահն է, որ պետք է բոլորս խոսենք՝ ուզենք, թե` չուզենք: Բնականաբար, մեր խոսքը չի կարող զգացական չլինել: Ես փորձել եմ այդ զգացական պահերից զերծ մնալ ու կփորձեմ սահմանների մեջ ընկալելի, կոռեկտ իմ ընդհանուր մտահոգությունն ու տեսակետները ներկայացնել:

2018թ. հունիսին ես այս ամբիոնից ելույթ եմ ունեցել: Երբ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, երբ Արցախում որոշակի խլրտումներ, շարժեր կային, մի հետաքրքիր արտահայտությամբ նկարագրել եմ ընդհանուր իրավիճակը և հետևյալ միտքն եմ հայտնել, որ մեր պետության ու պետականության նկատմամբ «քաղաքական դիվերսիաներ» են տեղի ունենում: Այդ «քաղաքական դիվերսանտների» կողմից որոշ արձագանքներ եղան, շատ լուռ տարել ենք: Այդ «քաղաքական դիվերսիաները» շարունակվում են մինչև հիմա և որոշակի անտես, չերևացող, երբեմն երևացող տեսքով մենք ուղղակիորեն առնչվում ենք դրան:

2018-2022թթ. շատ փոփոխություններ են տեղի ունեցել մեր կյանքում: Սկզբում նկատի պետք է առնել 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունները, իսկ հետո 2020թ. պատերազմը: Հետահայաց նայելիս հետևյալ հարցն ունենք: Մի առիթով Ազգային Ժողովի հարգարժան նախագահ Արթուր Թովմասյանն էլ էր ասում՝ ո՞ւր էինք, ո՞ւր հասանք: Պիտի արձանագրեմ, որ թե նախապատերազմյան, թե հետպատերազմյան շրջանում համատարած կազմաքանդման գործընթացներ են ծավալվել ՀՀ-ում ու Արցախում: Այդ կազմաքանդման գործընթացներից մենք դուրս չէինք ու դուրս չենք: Գործելաոճ է դարձել թուլացնել, պառակտել, մասնատել: Արդյունքում ինչ է ստացվում՝ իշխել, կառավարել, ուղղորդել: Այս ամենը կատարվում է մեր շրջապատում մեր կողքին, փաստորեն՝ «կուտը կերանք»:

Մենք պետք է արձանագրենք, որ մեր սուբյեկտայնությունն արտահայտող երկու պետական օղակ, մարմինունենք՝ նախագահական ինստիտուտը և Ազգային ժողովը՝ առաջնային մանդատ ստացած երկու մարմին, որոնց նկատմամբ նույնպես շարունակվում է դեռևս 2018թ. սկսված կազմաքանդման գործընթացը: Ես պատահական չեմ ասում դրանց մասին, և յուրաքանչյուրիս խոսքը հենց նաև հակադրում է, յուրաքանչյուրիս խոսքը այն դիմադրությունն է, որը պետք է խոչընդոտի կազմաքանդման գործընթացը: Մենք հիմա ունենք կիսաքանդված, կիսաանկենդան, քաղաքական գործընթացներից գրեթե դուրս, ցածր իմունիտետով այդ երկու օղակնը: Թող ինձ ներեն իմ գործընկերները, նախագահական ինստիտուտի ներկայացուցիչները, բայց սա է իրականությունը: Պետական այդ երկու կարևոր օղակը մեր ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված մարմինն է: Երկուսի բնականոն, ավելի ակտիվ քաղաքական գործունեությունից է կախված մեր ապագան: Որքանո՞վ մենք կկարողանանք այդ ակտիվությունը ցուցաբերել:

3 տարի շարունակվում է կազմաքանդման գործընթացը: Օրինակներ կարող եմ բերել՝ հիշեք նախապատերազմյան շրջանում Հայաստանի Հանրապետության տարբեր օղակներում՝ «Արցախի մարզպետ» անվանումը, Արցախի Հանրապետությունը միտումնավոր դուրս թողնելը: Հիշեք՝ 2019թ. օգոստոսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտնի հանրահավաքի ժամանակ հասարակության տարբեր շերտերի ակտիվ «գործողությունները»՝ ուղղված գործող իշխանություններիի դեմ, 2018-ի հունիս-հուլիսյան դեպքերը և այլն:

Հետպատերազմյան շրջանումայս գործընթացը շարունակվել է: Հայաստանի և Արցախի միջև քաղաքական հարաբերություններ չկան: Հայաստանը մեր անվտանգության երաշխավորն է, անվտանգության ինչպիսի՞ բաղադրիչ ունենք: Մենք առաջարկել ենք երկու ինստիտուտների՝ ՀՀ և ԱՀ Ազգային ժողովների միջև հարաբերություններ՝ չկան: Սրա մասին գուցե իմաստ չունի այսպես հրապարակային խոսել, բայց մենք պարտավոր ենք ասել՝ դանակը ոսկորը հատել-անցնում է: Այժմ նույնիսկ չունենք «Հայաստան» համահայկական հիմանդրամի ընձեռած այդ կարևոր տնտեսական կամ նյութական բաղադրիչը: Իսկ մենք լուռ, հանգիստ հետևում ենք: ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի միջև միայն կան հարաբերություններ՝ սոցիալական, տնտեսական հարցերի շուրջ: Չի երևում քաղաքական այն ենթատեքստը, այն հարցերի շրջանակը, որ քննարկվում է: Ինչ-որ արվում է, իմիտացիա է: Իսկ մենք «կուտը ուտում ենք»:

Առաջին փուլն ավարտվել է, մի քանի օր առաջ ՀՀ վարչապետը պարզապես երկրորդ փուլը ազդարարեց: Սկսվել է տնտեսական և սոցիալական դեինտեգրման քաղաքականություն: Ես այս գործընթացը բնութագրել եմ որպես դեինտեգրում: 30 տարի մենք ՀՀ հետ ինտեգրվել ենք, հիմա դեինտեգրման գործընթաց է ընթանում: Իսկ հետո կլինի ռեինտեգրում Ադրբեջանի Հանրապետության հետ: Դուք ոնց ուզում եք ընկալեք, բայց սա է իրականությունը: Սա քաղաքականություն է: Մենք պարտավոր ենք դա հասկանալ, կանխորոշել և ապագա քայլերը կատարել: Արդյո՞ք մենք դա անում ենք: Ես կասեի՝ ոչ:

Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը «ձեռքերը լվանում է»  Արցախից և ասում՝ ես մանդատ չեմ ստացել: Ողջունելով մեր նախագահի երեկվա ֆեյսբուքյան գրառումը, պիտի ասել՝ թո՞ւյլ ենք տալիս Հայաստանին «ձեռքերը լվանալու»: Ոչ: ՀՀ մեր անվտանգության երաշխավորն էր իր ստանձնած պատրավորություններով: Իսկ ո՞վ պիտի մեզ ներկայացնի միջազգային հարթակներւոմ: Չէ որ 30 տարվա ընթացքում միջազգային հարթակներում մեր շահերը ներկայացնող օղակ կար ի դեմս ՀՀ-ի: Հիմա ո՞վ պիտի ներկայացնի: Մենք չունենք այդ հնարավորությունը և համապատասխան կարելիությունը: Հայտարարությունը կողմ քվեարկելը բավական չէ, այն նվազագույնն է, բայց նաև ուզում եմ առաջարկներ ներկայացնել:

Ժողովրդի հետ խոսակից չկա: Տարբեր խմբերի բաժանվելով ժողովրդի հետ բոլորս  միասին խոսելու հնարավորություն ստեղծենք: Երկրորդ՝ պատվիրակություններ կազմել դեպի կարևոր կենտրոններ՝ անկախ նրանից ընդունում են մեզ, թե չեն ընդունում: Առաջին հերթին պետք է պատվիրակություն ուղարկել ՀՀ՝ վարչապետի, Ազգային ժողովի հետ հանդիպելու: Այնուհետև համանախագահող երեք երկրներ՝ Մոսկվա, Փարիզ-Բրյուսել և Վաշինգտոն, ինչու չէ՝ նաև մեր հարևան Իրան: Պատվիրակությունները պետք է կազմված լինեն լեգիտիմ ընտրված մարմիններից:

Մեզնից յուրաքանչյուրը շատ է դիտել հրեական համակենտրոնացման ճամբարների ընդահուր գոյության, գործունեության մասին ֆիլմեր: Շատ կարևոր դիպուկ բնութագրություն  է տվել իմ լավ ընկերներից մեկը: Ասում է՝ դուք բաց համակենտրոնացման ճամբարի կարգավիճակում եք՝ անձնագիր եք ցույց տալիս մտնում, դուրս գալուց ցույց եք տալիս: Համակենտրոնացման ճամբարների այդ ֆիլմերը մեզ համար ուղենիշ թող լինեն: Վերջապես այդ ֆիլմերը ստեղծում են նաև գործելու համար»: