կարևոր
901 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-12-27 11:10

Գործող վարչապետը շփոթել է անձը պետության հետ եւ երկիրը տանում է դեպի համակործանում. «Ժառանգություն»

Գործող վարչապետը շփոթել է անձը պետության հետ եւ երկիրը տանում է դեպի համակործանում. «Ժառանգություն»

Գործող իշխանությունը թե՛ խոսքով, թե՛ գործով կատարելապես սպառել է Հայաստանի Հանրապետության ազգային շահին ծառայելու՝ ժողովրդից ստացած մանդատը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արդեն կարիք իսկ չունենալով վկայաբերելու եղերական պատերազմին առնչվող բազմաթիվ դրվագներ, որոնք արժանապատիվ մարդու համար ինքնաբացարկի լուրջ ազդանիշներ պետք է լինեն, կարելի է՝ իբրեւ անառարկելի իրողության ամփոփիչ հավաստում, մատնանշել նրա ղեկավարի վերջին առցանց ասուլիսը:

Ցավալի է, բայց՝ փաստ. հայազգի մարդը հայերենով պաշտպանում էր ոչ թե Հայաստանի կամ նրա քաղաքացու շահերը, այլ՝ բացառապես օտարինը, թշնամունը, իր կուսակիցներինը, իր անձնականը: Արցախի, Ցեղասպանության, «անկլավների» եւ պետության տարածքային ամբողջականության մասին նա խոսում էր ոչ թե իր ժողովրդի հետ եւ ոչ թե որպես վերջինիս կողմից պատվիրակված գերագույն ծառա ու հրամանատար, այլ որպես ինչ-որ խորամանկ ծածկագիր-ուղերձ հղող՝ իր հարեւան նոր գործընկերներին, որոնք բռնազավթել են Արցախի, անգամ, Հայաստանի զգալի հատվածներ, եւ ում թեզերը նա սիրով վերաշարադրում էր ասուլիսի ժամանակ:

Այդպիսով՝ նա միանձնյա փորձում է, հաչս աշխարհի եւ իրականում, հողին հավասարեցնել մի ողջ ազգի, նվիրյալ սերունդների, նահատակված հերոսների սրբազան պայքարը հանուն ազատության, անկախության, արդարության ու արժանապատվության: Հանուն Հայրենիքի:

Այդ իրավունքը նա չունի: Այդ իրավունքը չունի եւ իր կուսակցությունը: Ոչ մեկը չունի:

Մենք այսքան տարի չենք անձնավորել, զորակցել ենք՝ հավատարիմ առաջընթացի մեր մշակած սկզբունքներին, որոնք ավանդում են պետության ինքնիշխանություն, ազգի շահ, քաղաքացու ազատություն, դատական անկախություն, կրթության ապակուսակցականացում, քաղաքական բանտարկյալների բացառում, իրավունքի իշխանություն:

Գործող վարչապետը ինքն է շփոթել անձը պետության հետ եւ երկիրը տանում է ոչ թե հեռատես, ազգօգուտ խաղաղության, այլ՝ դեպի համակործանում: Եթե նա ի զորու չէ պեղելու հայկական եւ համամարդկային այն եզակի հատկանիշները, անելու իր համար անհնարն ու պատվով հեռանալու պաշտոնից, բոլոր մնացածներս պետք է կանգնենք Հայաստանի Հանրապետության կողքին, օգնենք, զորավիգ լինենք, որպեսզի նա ստանա իրեն արժանի եւ օրինակարգ հերթափոխը: