կարևոր
1975 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-27 11:05

Փաշինյանի արդարացումները ևս մեկ անգամ ու աներկբա փաստում են Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու նրա պատրաստակամությունը. «5165 շարժում»

Փաշինյանի արդարացումները ևս մեկ անգամ ու աներկբա փաստում են Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու նրա պատրաստակամությունը. «5165 շարժում»

Դեկտեմբերի 24-ին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարությունները, դրան հետևած՝ Արցախի Ազգային Ժողովի և նախագահի, ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների դատապարտող հայտարարություններից ու հանրային կտրուկ արձագանքից հետո արված արդարացումներն ու կեղծ տարակուսանքները ևս մեկ անգամ ու աներկբա փաստում են նրա պատրաստակամությունը՝ Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս: Ասված է «5165 շարժման» տարածած հայտարարության մեջ: 

«5165 շարժումը» վերահաստատում է Արցախի հարցում իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ամրագրված 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրով և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, անքննելի ու անկասելի է:

«5165 շարժումն» անվերապահորեն կանգնած է Արցախի ու արցախցիների կողքին: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս: Դա Արցախի ժողովրդի որոշումն է, և ոչ մի պաշտոնատար անձ, ոչ մի գործիչ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ, որոնք կհակասեն Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտությանը:

Ավելին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի այն որոշումը, որն արգելում է ՀՀ գործադիր իշխանությանը ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում մինչ օրս ուժի մեջ է, և այն խախտելը հակազգային, հակապետական ու հակասահմանադրական է:

Մենք քանիցս բարձրաձայնել ենք Նիկոլ Փաշինյանի նշված մտադրությունների մասին՝ հղում անելով նրա ադրբեջանանպաստ հայտարարություններին, բացահայտ զիջողական ու պարտվողական քայլերին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից ռազմական ճնշումների պարագայում արագորեն սահմանագծում և սահմանազատում անցկացնելու քաղաքական ուղեգծին: Իսկ վերջին հայտարարությունները հերթական անգամ վկայեցին, որ նա, հանուն խաղաղության կեղծ օրակարգի իրականացման, ինչպես նաև սեփական իշխանության գոյության երկարացման պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններն ընդունելով, վերջինիս հետ հարաբերությունների արագ կարգավորման գնալը՝ ևս մեկ անգամ փաստում է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Ավելին՝ նա նաև պատրաստակամ է հրաժարվել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջատիրությունից, ինչի վկայություններն առկա են նաև դեկտեմբերի 24-ի հարցազրույցի որոշ դրվագներում»: