կարևոր
3772 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-25 13:54

Իրականում Թուրքիայի բոլոր երեք նախապայմանն էլ փաստացի ընդունել է Նիկոլ Փաշինյանը. Մենուա Սողոմոնյան

Իրականում Թուրքիայի բոլոր երեք նախապայմանն էլ փաստացի ընդունել է Նիկոլ Փաշինյանը. Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանի անդրադարձը Փաշինյանի ասուլիսում հնչած հարցին.

«Այսօրվա հարցազրույցի բազում մանիպուլյացիաներից ու նենգափոխումներից մեկը: Լրագրողը տալիս է հետևյալ հարցը. «Հայաստանը և Թուրքիան երկխոսություն սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել: Մեր կողմից հայտարարվում է առանց նախապայմանների քննարկումներ սկսելու պատրաստակամության մասին: Ընդդիմադիրները կարծիքներ են հնչեցնում, որ Հայաստանը, համաձայնելով ներգրավվել այս գործընթացին, արդեն իսկ ընդունել է Թուրքիայի նախապայմանները, որոնցից է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տրամադրելը»:

Հարցի ամենաառանցքային մասն այն է, որ ընդդիմադիրները կարծում են, որ Հայաստանը, համաձայնելով ներգրավվել այս գործընթացին, արդեն իսկ ընդունել է Թուրքիայի նախապայմանները:

Հատկանշական է, որ լրագրողն այդ նախապայմանների թվում օրինակ է բերում հենց ամենավերջին, ամենաթարմ նախապայմանը՝ միջանցքի նախապայմանը, մոռացության տալով դեռ 1990-ականներից Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված երեք նախապայմանները՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից, ճանաչել Թուրքիայի հետ սահմանը, հրաժարվել Թուրքիայի հանդեպ որևէ պահանջից (նախապայմանների ճշգրիտ ձևակերպումները չեն, այլ դրանց բովանդակությունն են):

Եվ Փաշինյանի ողջ պատասխանն էլ կառուցվում է միջանցքի նախապայմանի վրա, որ իբր հայկական կողմը միջանցք չի դիտարկում, բայց կոմունիկացիաներ է ապաշրջափակում, և այլն, և այլն:

Այսպիսով, բաց մնաց հին նախապայմանների, մասնավորապես Արցախի կարգավիճակի ու Ցեղասպանության ճանաչման պահանջի հարցը, որին պատասխան չտրվեց, մինչդեռ հանրության համար ստեղծվեց տպավորություն, որ հայկական կողմը թուրքերի հետ նստում է բանակցությունների՝ չընդունելով Թուրքիայի ԲՈԼՈՐ նախապայմանները:

Իսկ իրականում բոլոր երեք նախապայմանն էլ փաստացի ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Արցախի կարգավիճակը ՀՀ-ի համար այլևս առաջնահերթ չէ, Հայաստանը այլևս չի մասնակցում Արցախի անվտանգության ապահովմանը (զորակոչ չկա ՀՀ-ից Արցախ), Թուրքիայի հանդեպ ՀՀ գործող իշխանությունների կողմից որևէ այլ պահանջի մասին անիմաստ է խոսելը (սա լրիվ այլ հարց է), դե իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարումի լավագույն դրսևորումներից մեկն էլ ՀՀ ԱԳՆ-ի դեկտեմբերի 9-ի հայտարարությունն էր, հայտարարություն, որ իրեն թույլ կտար Արարատ Միրզոյանը, բայց ոչ երբեք՝ ցանկացած այլ պրոֆեսիոնալ ու ՀԱՅ դիվանագետ»: