Երևանի քաղաքապետի երդման տեքստում պարտավորություն է հնչեցվում հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը: Առնվազն երկու կետով ՀՀ մայր օրենքին հավատարիմ չմնալու արտահայտումներ կարող եմ արձանագրել: Գրում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:
«Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:
Սա այն հոդվածն է, որը վկայակոչում էին հենց նոր քաղաքապետ ընտրածները՝ լայնորեն տարածելով համացանցում և այդ մասին հայտարարություններ անելով:
Հենց այս հոդվածն էր վկայակոչվում, երբ սկզբում Ազգային ժողովը, հետո նաև Սահմանադրական դատարանը լուծարելու պահանջ էր առաջադրվել, գործողություններ էին իրականացվել:
Ինքս վկայակոչել եմ այդ հոդվածը և հավատարիմ մնացել ՀՀ Սահմանադրությունում ամրագրվածին:
Այդ հոդվածն էր վկայակոչվում լուծարելու ԸՆՏՐՎԱԾ Ազգային ժողովը, որի ընտրության լեգիտիմությունը ճանաչել էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ:
«Թղթերով» ամեն ինչ կարգին էր այն Ազգային ժողովում և այն լուծարվեց բացառապես ժողովրդի ճնշման հետևանքով:
Ի՞նչ է ստացվում. երբ մի տեղ այս հոդվածը ձեռնտու է, այն դառնում է գործողությունների հիմք, իսկ այլ հարցով, երբ ձեռնտու չէ, այն մոռացության է մատնվում: Ձեռնտու է առանձին քաղաքական ուժին, ոչ թե պետությանը, համայնքին և ՀՀ քաղաքացուն:
Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդի ձայնը բացառապես սեփական շահերից լսել ցանկանալ կամ չցանկանալ, ժողովրդին օգտագործել որպես գործիք, երբ դրա կարիքը կա, բայց անտեսել, երբ ձեռնտու չէ:
«Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը»:
Այս հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինը պետք է ինքնուրույն գործի, ոչ թե հանդիսանա կառավարության կցորդ:
Կառավարությունը իրավունք չունի, ելնելով ՏԻՄ ղեկավարի հետ ունեցած քաղաքական կամ այլ տարաձայնություններից զրկել տվյալ համայնքը օրենքով հասնող գումարներից, որովհետև այդ գումարները պետական բյուջեից են, որի մուտքերի մի մասն ապահովում են տվյալ համայնքի բնակիչները:
Գերագույն խայտառակություն էին պնդումները, թե կառավարության հետ քաղաքապետի վատ հարաբերությունների պատճառով կտուժի Երևան համայնքը, կզրկվի կառավարության կողմից հատկացվող գումարներից:
Էլ ավելի մեծ խայտառակություն էր, որ այդ պնդումները լսում էինք համայնքի ավագանու անդամների շուրթերից, որոնց ուղիղ պարտականությունն է ՍՊԱՍԱՐԿԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀԸ, ԾԱՌԱՅԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀԻՆ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց։ Նրան անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը՝ ՔՊ կուսակցության որոշմամբ, որին միացել էր նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Հայկ Մարությանի փոխարեն քաղաքապետի պաշտոնում ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։ «Իմ քայլի» նախաձեռնությանը չմիանալու մասին հայտարարել են ավագանու անդամներից Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը, Վահե Գևորգյանը, Իզաբելլա Աբգարյանը, Գրիգոր Երիցյանը, Ռուբեն Հայրապետյանը, Գայանե Վարդանյանը, Օսվաննա Հովսեփյանը։