կարևոր
3481 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-25 11:57

Դուք իսկապե՞ս չգիտեք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուզո՞ւմ են մեզ ոչնչացնել. ասուլիսին «Առավոտի» հարցն անտեսվեց

Դուք իսկապե՞ս չգիտեք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուզո՞ւմ են մեզ ոչնչացնել. ասուլիսին «Առավոտի» հարցն անտեսվեց

Փաշինյանի առցանց ասուլիսի ընթացքում «Առավոտի» հարցն անտեսվեց: Օրաթերթը գրում է

«Նիկոլ Փաշինյանին հարցերը հղում էին փունջ-փունջ՝ ըստ թեմատիկայի միավորելով տարբեր լրատվամիջոցների կողմից ուղարկված հարցերը: Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերի շարքում սպասում էինք, որ կհնչի նաև «Առավոտի» կողմից ուղարկված հարցը, սակայն դա տեղի չունեցավ:

Տեղեկացնենք՝ Նիկոլ Փաշինյանին հղել էինք այս հարցը. «Պարո′ն Փաշինյան, Դուք՝ որպես լրագրող և խմբագիր կփաստեք՝ լրագրողի հարցը չպետք է ենթադրի «այո» կամ «ոչ» պատասխան, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ Ձեր նախորդ հրապարակային հայտարարությունները՝ թույլ տվեք հարցնել՝ Դուք իսկապե՞ս չգիտեք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուզո՞ւմ են մեզ ոչնչացնել, թե՝ ոչ: Ի՞նչ է հարկավոր, որպեսզի պատերազմից հետո՝ տարածաշրջանային զարգացումների ներկայիս փուլում, այդ հարցի պատասխանը Դուք՝ որպես երկրի ղեկավար վերջապես ստանաք: Առավել ևս, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի ընթացքում «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցում, Դուք ինքներդ էիք հայտարարել, որ 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը»:

Հավելենք, որ ՀՀ կառավարությունից նախապես լրատվամիջոցներին  մի քանի նախապայմաններ էին ներկայացվել, որպեսզի նրանց հարցերն ընդունվեն և ասուլիսի ընթացքում հնչեցվեն: Այդ նախապայմաններից էր, օրինակ, որ հարցը պետք է ուղարկված լինի լրատվամիջոցի պաշտոնական ձևանմուշով՝ նշելով լրագրողի անունը և ազգանունը, յուրաքանչյուր լրատվամիջոց մեկից ավելի հարց տալու իրավունք չուներ և այլն: Այս բոլոր պայմաններին բավարարել էինք, ուստի այդպես էլ անհասկանալի է մնում, թե ի՞նչ նպատակ ուներ «Առավոտի» հարցն անտեսելը:

Նշենք, որ փոխարենը ասուլիսի ընթացքում հնչեց, ասենք, «Հեղափոխության պահապանների» հարցը, որ ոչ ԶԼՄ է, ոչ էլ ՀԿ: Հնչեցին նաեւ հարցեր տելեգրամյան ալիքների կողմից, որոնք ՔՊ-ն իր օրենսդրական նախաձեռնությամբ բնորոշում էր իբրեւ «չնույնականացված աղբյուրներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ