կարևոր
913 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-12-25 11:05

Երևանի նորանշանակ քաղաքապետը երդմնակալությամբ ստանձնեց պաշտոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի քաղաքապետարանում  այսօր` դեկտեմբերի 25-ին, Երևան քաղաքի ավագանու նիստ է: 

Քիչ առաջ մեկնարկեց նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Ներկա են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,–երդման տեքստը կարդաց Սարգսյանը։

Երևանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի թանգարանին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց։ Նրան անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը՝ ՔՊ կուսակցության որոշմամբ, որին միացել էր նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Հայկ Մարությանի փոխարեն քաղաքապետի պաշտոնում ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։