կարևոր
2512 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-25 10:08

Չէ, տղանե՛ր ու աղջիկնե՛ր, ոչ մի քաղաքականություն, առավել ևս՝ Նիկոլը, չարժեն, որ տրորեք բոլոր արժեքներն ու սրբությունները. «Փաստ»

Չէ, տղանե՛ր ու աղջիկնե՛ր, ոչ մի քաղաքականություն, առավել ևս՝ Նիկոլը, չարժեն, որ տրորեք բոլոր արժեքներն ու սրբությունները. «Փաստ»

«Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը ևս քաղաքական գործընթացները հաճախ ազդում էին մարդկանց անձնական հարաբերությունների վրա, իրարից նեղանում ու հեռանում էին ընկերներ, բարեկամներ, ազգականներ, հարևաններ: Բայց այդ երևույթները, որպես կանոն, ի հայտ էին գալիս ընտրությունների ժամանակ, հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ, բայց հիմնականում արագ էլ «անցնում» էին, մի խոսքով՝ առավելապես կարճաժամկետ էին: Քաղաքական գործիչները ևս աշխատում էին նույնիսկ ամենասուր ելույթներում, հակադարձումներում, քննադատություններում չանցնել որոշակի «կարմիր գծեր»: «Փաստ» օրաթերթը գրում է․ 

«Դե, գուցե թե բացառությամբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի... Մի խոսքով, նշյալ երևույթները նոր չեն: Սակայն նույն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության հասնելուց հետո դրանք ստացան համակարգային բնույթ. Փաշինյանը, ստանալով անսահամանափակ հնարավորություններ ու լծակներ, հիմք դրեց «կարմիր գծերի» ոտնահարման գլոբալ պրոցեսի՝ տեղեկատվական ողջ գործիքակազմով դրանում ընդգրկելով հասարակության լայն շերտերի:

Արդյունքում «նորմալ» դարձան հայհոյանքն ու վիրավորանքը, ինչի դեմ հիմա իբր ուզում է պայքարել այս իշխանությունը, «նորմալ» դարձավ ընտանիքի անդամներին թիրախավորելը, «նորմալ» դարձան թշնամանքն ու ատելությունը: Չէ, հասկանում ենք, որ Փաշինյանն ու նրա թիկունքին կանգնած ուժերը այս ամենը փորձել են սերմանել տարիներ շարունակ, ուղղակի եթե նախկինում նման երևույթների դեմ պայքարողներն ու արժեքային համակարգերի կողմնակիցներն ավելի մեծ հնարավորություններ ունեին ու ավելի շատ էին, վերջին երեք տարում Նիկոլին հաջողվեց մնացյալ ամեն ինչի հետ միասին ավիրել բարոյական արժեքներն ու մարդկային պարզ հարաբերությունները: Դրա արդյունքում է, որ սոցցանցային հայաստանյան հատվածը դարձել է այսքան գարշելի, այսքան մարդատյաց, այսքան թունավոր:

Ցավոք, այս ամենը տղափոխվում է նաև առօրյա կյանք, առօրյա հարաբերություններ: Տեսեք, նույն քպականները ինչպիսի ջերմեռանդությամբ են գովերգում, պաշտպանում, հիանում նրանցով, ովքեր իրենց կողքին են: Սակայն բավական է նրանցից մեկը ժամանակին հասկանա նիկոլիզմի վտանգը Հայաստանի ու հայ ժողովրդի համար, սկսում են այդ մեկին քարկոծել տասնապատիկ ջանասիրությամբ, ամենակեղտոտ եղանակներով, ամենակեղտոտ բառապաշարով՝ մոռանալով նախկինում իրենց իսկ գնահատականները: Նրանք պատրաստ են ամենաէժան բամբասանքի մակարդակով հրապարակ նետել նույնիսկ ամենանվիրական գաղտնիքները, նույնիսկ «մի կտոր հացի» շուրջ իրենց զրույցների մանրամասները, պատրաստ են աղբանոցը նետել նույնիսկ երկար տարիների ընկերությունը, մարդկային հարաբերությունները: Կարևորը՝ Նիկոլը գովի իրենց, գլուխները շոյի, գոհ մնա իրենցից:

Չէ, տղանե՛ր ու աղջիկնե՛ր, ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի «շեֆ» (առավել ևս՝ Նիկոլը), ոչ մի պաշտոն չարժեն, որ տրորեք բոլոր արժեքներն ու սրբությունները, որ անցնեք բոլոր «կարմիր գծերը»: Պաշտոնը անցողիկ է, նեղ կուսակցական, նեղ քաղաքական շահերը՝ երկրորդական ու երրորդական, էլ չենք խոսում՝ բարձր աշխատավարձի ու պարգևավճարների մասին: Հաստատ չարժե այդ ամենի համար ուրանալ սեփական անցյալը, ընկերությունը, հարազատությունը... Դե, երկրի մասին չենք խոսում:

Ինքներդ ձեզ համար տեղ թողեք, որ վաղը կարողանաք մարդկանց աչքերի մեջ նայել, լավ, բոլորի չէ, գոնե նրանց աչքերի մեջ, որոնք հարազատ են ձեզ, որոնց հետ ճանապարհ եք անցել, որոնց հետ «մի կտոր հաց» եք կիսել: Եվ հա, դուք հիմա իրո՞ք հանգիստ եք գլուխներդ բարձին դնում: Եթե այո, ապա դա արդեն ախտորոշում է, իսկ եթե ոչ, ապա մեկ-մեկ, երբ միայնակ եք մնում, խոստովանեք դա ինքներդ ձեզ ու փորձեք հասկանալ պատճառները: Ամաչելը, հասկանալն ու ինչ-որ բան փոխելը երբեք ուշ չէ: Ցավալին անդառնալի վստահությունն է, թե ճիշտն այն է, ինչ անում եք դուք...»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։