կարևոր
628 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-24 21:12

Հայ օգնության միությունն արցախցի երեխաների և Արցախի կողքին է

Հայ օգնության միությունն արցախցի երեխաների և Արցախի կողքին է

Դեկտեմբերի 20-24-ը Հայ օգնության միության Կանադայի շրջանային վարչության հովանավորությամբ թշնամու անմիջական նշանառության տակ գտնվող 19 գյուղի երեխաներ ստացել են ամանորյա նվերներ, իսկ նրանց ընտանիքները՝ դրամական օժանդակություն:

Հայ օգնության միության Կանադայի Շրջանային վարչության ատենապետուհի Անի Օհանյանը, վարչության անդամ Սյուզի Պոյամյանն անձամբ են ներկա գտնվել նվերների հանձնմանը: Ծրագրի կազմակերպական հարցերը լուծվել են Հայ օգնության միության Արցախի միավորի միջոցով:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրն իրականացվել է Արցախի հսկողության տակ մնացած բոլոր շրջաններում: Մարտակերտի շրջանի Կիչան, Ճանկաթաղ, Վարդաձոր, Վարնկաթաղ, Մաղավուզ, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Սառնաղբյուր, Խրամորթ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն, Թաղավարդ-Կալեր, Կարմիր Շուկա, Նորշեն, Ավդուռ, Մյուրիշեն, Հացի և Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շեն, Մեծ շեն գյուղերի 972 աշակերտներ և մանկապարտեզների սաներ ստացել են նվերներ: «Յուրաքանչյուր տարիքային խմբի և սեռի համար տարբեր նվերներ ենք նախատեսել՝ փափուկ խաղալիքներ, խաղալիք ավտոմեքենաներ, սպորտային հագուստ, ժամացույց, արծաթյա զարդեր»,- նշել է Լ. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ծրագրում են մի քանի գյուղ ևս ընդգրկել: Այդ դեպքում ամանորյա նվերներ ստացող երեխաների թիվը կհասնի 1200-ի՝ ընդգրկելով Շոշ, Մխիթարաշեն և Հարավ գյուղերը: ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհին շնորհակալություն է հայտնել ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ համագործակցության և տրանսպորտային հարցերում աջակցելու համար:

ՀՕՄ-ի Կանադայի շրջանային վարչության ատենապետուհի Անի Օհանյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Արցախի մանուկների ամանորյա նվերների գաղափարն առաջացել է նախորդ տարի՝ պատերազմի օրերին:

«Հայ օգնության միության Կանադայի շրջանը մտածեց որևէ ձևով օգտակար լինել տեղահանվածներին, Արցախի ժողովրդին: Մենք մասնակցել ենք տեղահանվածներին դրամական աջակցության տրամադրմանը: Իսկ երիտասարդները ցանկություն հայտնեցին ժպիտ պարգևել Արցախի մանուկներին: Մտածեցին երեխաներին խաղալիքներ տալ ու ծնողներին էլ՝ որոշ գումար՝ Ամանորի առիթով որևէ բան գնելու համար»,- նշել է Անի Օհանյանը:

Առցանց հանգանակություն արեցին և հավաքեցին մոտ 1500 երեխայի համար նախատեսված գումար: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին արդեն հանգանակությունն ավարտվել էր, կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պատճառով միայն 270 նվերներ բաժանվեցին Երևանում և սահմանամերձ շրջաններում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքների երեխաներին։

Երկրորդ փուլը սկսվեց 2021թ. դեկտեմբեր 12-16-ին, երբ Անի Օհանյանը և Սյուզի Պոյամյանը Հայաստան մեկնեցին և Նոր տարվա առթիվ նվերներ բաժանեցին Շենգավիթի ու մերձակա արվարձաններում հաստատված 100 ընտանիքների երեխաներին։ Այնուհետև նվերներ ստացան Եղեգնաձորում և Սիսիանում հաստատված 100 ընտանիքների երեխաներ։

Ծրագրի վերջին փուլը Արցախում իրագործվեց:

Անի Օհանյանը 5-րդ անգամ է այցելում Արցախ, բայց հասցրել էր լինել միայն Հադրութում, Շուշիում ու Ստեփանակերտում: Նրա խոսքով՝ մինչ այդ ունեցած պատկերացումները տարբեր էին: «Մեր արածը մի կաթիլ ջուր է օվկիանոսի մեջ: Երանի ավելի շատ գումարներ ունենայինք բոլորին հասնելու համար, որովհետև ամեն երեխայի ժպիտն անգին է, մեծ գոհունակություն է այս օրերին երեխաների դեմքին ժպիտ տեսնել»,- ասել է նա:

Խոսելով Արցախի հետ կապված այլ ծրագրերի մասին՝ Անի Օհանյանն ասել է, որ ՀՕՄ-ի Կանադայի միավորն ունի 10 մասնաճյուղ և 1200 անդամ, և բոլորը պատրաստակամ, սիրով ընդառաջում են ծրագրերին, մանավանդ եթե հերթը հասնում է Արցախին: «Մեր սրտում հատուկ տեղ ունի Արցախը: Մենք ամեն օր, ամեն ժամ Ձեզ հետ միասին ապրում ենք բոլոր դժվարությունները: Մեր ժողովուրդը միշտ Արցախի կողքին է»,- նշել է ատենապետուհին:

Վերջում Անի Օհանյանը ուրախ ու խաղաղ Ամանոր է մաղթել Արցախին, որպեսզի բոլորն ապահով մթնոլորտում ապրեն: Իսկ իրենք այցից վերադառնալու են նոր գաղափարներով, որոնք ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության հավանությանն արժանանալու դեպքում կիրագործեն: