կարևոր
1903 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-24 20:17

Նրան սիրում էին ու սիրահարվում բոլորը. այսօր նա կդառնար 90 տարեկան

Այսօր նա  կդառնար 90 տարեկան։ Նրա մասին գրելը դժվար է հատկապես իր ուսանողների, նրան տեսնողների ու լսողների համար: Նրա անունը տալիս ձգվում ես, լարվում, աչքիդ առաջ հայտնվում է ձեռքը վեր պարզած, անտիկ հերոսների պես հզոր նրա կերպարը, ականջների մեջ լսում նրա բամբ ձայնը...

Նրան սիրում էին ու սիրահարվում բոլորը ... Նրան լսելու համար լսարան էին գալիս նաեւ նրանք, որոնց չէր դասավանդում։  Նա կոչումներ չուներ. բայց նրա դասախոսություններին մի մարդաչափ ազատ տեղ ու մի ավել մարդու շնչելիք օդ չկար: 

Նրանք  բնութագրում էին տարբեր բառերով՝ լեգենդ, հանճար, քաղքենիության, ստի, կեղծիքի թշնամի։ 

Նա Լեւոն Ներսիսյանն է,  գրականագետ, դերասան, գեղագետ, դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին։ Ոգու եւ ազատության ասպետը:

«Պարապ բաներին տրվողը չէր: Իր լռելու մեջ անշուշտ ասպետ էր, նաեւ խոսելու մեջ էր ասպետ: Եվ այդ ասպետականությունը ամբողջ կյանքի ընթացքում կարմիր թելի պես տարավ: Մտքի ասպետ, հոգեւոր ճանապարհ անցնելու ասպետ նրանց համար, ովքեր հավատում էին, թե կարելի է չծախվել սիստեմին, չծախվել ուժին, չծախվել ստին: Եվ ինքը դրա առաջնորդն էր մի քանի սերնդի համար»

Տիգրան Մանսուրյանը Լևոն Ներսիսյանի մասին: 

Լևոն Ներսիսյանը ծնվել է 1931թ.-ին, Երևանում: Հայրը հայ մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանն է: Երևանի պետական համալսարանի սան, իսկ հետագայում անտիկ գրականություն դասախոս էր: Բայց դա զուտ ֆորմալ ձևակերպում է. Լևոն Ներսիսյանը համալսարանական ֆենոմեն էր:

«Ասում են՝ մարդը Homo Sapiens է, այսինքն՝ բանական արարած: Հիմա հարց տամ ձեզ՝ իսկ ապուշները՝ ապուշներն ի՞նչ է, մարդ չե՞ն: Մարդ են… Իբր թե բանականությունը տարբերում է մարդուն անասնական աշխարհից. շատ թեական պատասխան է: Ասում են՝ մարդը տարբերվում է ուրիշ դասերից զգացմունքներով: Իբր մարդը սիրել գիտի, ատել գիտի, իբր անասունը չգիտի:  Մինչդեռ ի՞նչ սեր, երբ մարդիկ  հազարամյակներով իրար կոտորել են, դավաճանել են, իսկ այնքան կան լավ գազանիկներ, որոնք երբեք ոչինչ իրար չեն արել…»,- սա մի հատված է Լևոն Ներսիսյանի դասախոսություններից

Նա 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1954-57թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1957-59թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ավագ խմբագիր, իսկ 1959թ.` ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Նկարահավել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում («Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա»): 1957թ-ից ԵՊՀ-ում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961թ-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965թ-ից` ավագ դասախոս, 1992-94թթ՝ դոցենտ: 

Մահացավ 1999թ.-ի նոյեմբերի 27-ին: Նրա վերջին հրաժեշտը Երևանի պետական համալսարանում չէր, որովհետև մի խումբ հասարակ բյուրոկրատներ այդպես էին կամեցել, ասել էին՝ գիտական կոչում չունի:

…Իսկ Լևոն Ներսիսյան լինելը հենց կոչում էր: Նա խարիսխ էր: