կարևոր
3742 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-24 19:29

Արցախում մինչև հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են. օրինագիծը ետ է կանչվել

Արցախում մինչև հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են. օրինագիծը ետ է կանչվել

Արցախում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հաշվի առնելով հանրային արձագանքներն ու առաջարկությունները և, հատկապես, հունվարի 7-ի՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը՝ Ազգային ժողովից հետ է կանչվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ուստի, շարունակում է գործել նշված օրենքը նույնությամբ:

2022թ. առաջին աշխատանքային շաբաթը կմեկնարկի երկուշաբթի՝ հունվարի 10-ին:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը, հաշվի չառնելով Մայր Աթոռի, մի շարք կազմակերպությունների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների փաստարկները, այնուհանդերձ, իշխող մեծամասնության քվերակությամբ ընդունեց Ամանորի տոների կրճատման մասին օրինագիծը, որով ոչ աշխատանքային սահմանվեցին դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

Նույնաբովանդակ օրինագիծ էր ներկայացրել նաև Արցախի Հանրապետության կառավարությունը: Արցախի թեմը նույնպես առաջարկել էր հունվարի 7-ը՝ Մեռելոցի օրը, ոչ աշխատանքային դարձնել, սակայն ԱՀ կառավարությունը չէր ընդունել առաջարկը: