կարևոր
1003 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-12-24 11:40

Վանաձորի նորընտիր ավագանու նիստը չեղարկվեց դատարանի պահանջով

Վանաձորի նորընտիր ավագանու նիստը չեղարկվեց դատարանի պահանջով

Այսօր նշանակված էր Վանաձոր համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի օրակարգային հարցերից էր համայնքի ղեկավարի ընտրությունը: Նիստը, սակայն, չկայացավ, քանի որ դատարանն արգելել է Վանաձորի համայնքապետ ընտրելու հարցով ավագանու նիստ հրավիրել:

Վանաձորի համայնքապետարանից հայտնում են՝

«Նոր իրավական հանգամանքների ի հայտ գալու հետևանքով չեղարկվում է նախապես հայտարարված Վանաձորի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստը։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչական դատարանը 24․12․2021 թվականի թիվ ՎԴ/134416/05/21 որոշումով արգելել է համայնքի ղեկավարի ընտրելու հարցի քննարկման նպատակով նիստերի կազմակերպման և անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան հայցադիմում է մուտք եղել, որի հիման վրա դատարանը պարտավորեցրել է նիստ չգումարել: 

Դատարանում քննվող վարչական գործի շրջանակներում դատարանի կողմից այսօր՝ դեկտեմբերի 24-ին կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։ 

Բացի այդ, ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ: 

Մենք պետք է դատարանի որոշում ունենանք, որից հետո կարող ենք խոսել Վանաձորի ավագանու նիստ հրավիրելու մասին: Լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձոր համայնքի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը: «Դատարանի որոշումը երբ եղավ, օրենքի ուժով հաջորդ օրը կնշանակվի ավագանու նիստը»,-ասաց նա:

Հավելենք, որ այս պահին Վանաձորում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել, նախկին ավագանու կազմը չի գործում։ Փաստացի համայնքի ղեկավարումը կասեցված է: 

«Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամները հայտարարեցին, որ իշխող ուժն այս որոշումով ուղղակի փորձում է խլել վանաձորցու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22–ին բաշխվել են Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամի մանդատները։ 33 անդամից 4-ը ինքնաբացարկ է ներկայացրել։ ՔՊ-ից ինքնաբացարկ է հայտնել մարզպետ Արամ Խաչատրյանը, Արամ Գրիգորյանը, Արեն Անանյանը, իսկ ՀԱՍԿ-ից ինքնաբացարկ հայտնողը Արման Մովսիսյանն է։

Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք»  եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով:

Դեկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում առաջատար դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։