կարևոր
2377 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-24 09:35

Ե՞րբ են փոխհատուցվելու քաղաքացիների գումարները. «Ժողովուրդ»

Ե՞րբ են փոխհատուցվելու քաղաքացիների գումարները. «Ժողովուրդ»

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր՝ աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս հարցը ՍԴ-ում վիճարկվում էր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի հիման։ Օրենքը սահմանում էր, որ գործատուն արդեն օրենքի ուժով կարող է ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող չպատվաստված աշխատակցին ազատել աշխատանքից։ Նկատենք՝ Հայաստանն առանց այն էլ այս պահին պատվաստման շատ ցածր ցուցանիշ ունի. ամբողջությամբ պատվաստվել է միայն երկրի բնակչության 14 տոկոսը։ Եվ այս տոկոսն էլ, փաստորեն, ապահովվել է հենց այս հակասահմանադրական որոշման շնորհիվ։ Իսկ ո՞վ պետք է հիմա վերադարձնի քաղաքացիների գումարները։

Այս հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանից։ Նա նշեց. «Այդ հարցի պատասխանն ավելի հստակ կարելի է տալ Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո: Այն, որ պետությունն ամեն ինչ անելու է, որ պատասխանատվությունից խուսափի, դա փաստ է: Դեկտեմբերի 14-ին կատարած հարցմանս, թե պետությունը քաղաքացիների վնասը հատուցելու է արդյոք, երբ պարզվի, որ տուժել են պատվաստանյութերից, պատասխանել են, որ պատվաստումները կատարվում են կամավոր: Մեր թիմը փորձելու է նաեւ իրավական ճանապարհը գտնել քաղաքացիների վնասի հատուցման իրավունքները պաշտպանելու համար»:

Այսպիսով, կարեւոր հարցի պատասխանը դեռ պարզ չէ. ե՞րբ են փոխհատուցվելու ՀՀ քաղաքացիներից հակասահմանադրական ճանապարհով գանձված գումարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում