«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ կալանավորված Մամիկոն Ասլանյանը մասնակցի ավագանու առաջին նիստին։
«Որպես նորընտիր ավագանու՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ներկայացնող անդամներ, հենվելով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների վրա, որոնց համաձայն Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացուն ընտրելու և ընտրվելու իրավունքից զրկելու առնվազն երկու պարտադիր պայման, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ՝
1) դատապարտված լինելը և 2) պատիժ կրելը, իսկ ընտրվելու իրավունքի դեպքում ամրագրում է այդ իրավունքից զրկելուց պաշտպանություն ցանկացած հանցանքի պարագայում,
պահանջում ենք ՀՀ Կառավարությունից և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունից իրականացնել իրենց ուղիղ պարտավորությունը, այն է՝ ապահովել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձոր համայնքի ընտրված ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը, որը կալանավորված է, մասնակցի ավագանու առաջին նիստին և չզրկվի իր սահմանադրական իրավունքից:
Կոչ ենք անում ավագանու բոլոր անդամներին միանալ այս հայտարարությանը»,-նշվում է հայտարարությունում:
Հայտնենք, որ Վանաձոր համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը նշանակված է վաղը՝ դեկտեմբերի 24-ին ժամը 11։00-ին։ Դեկտեմբերի 22–ին բաշխվել են Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամի մանդատները։ Նրանցից 4-ը ինքնաբացարկ է ներկայացրել։ ՔՊ-ից՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արամ Գրիգորյանը, Արեն Անանյանը, իսկ ՀԱՍԿ-ից ինքնաբացարկ հայտնողը Արման Մովսիսյանն է։
Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով:
Դեկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում առաջատար դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն օրերս օրենսդրական հիմնավորումներով փաստել էր, որ Կառավարությունը պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների ընտրված և կալանավորված անդամների մասնակցությունն այդ ավագանիների առաջին նիստերին: