«Առողջապահության նախարարի հրամանն ուներ մեկ ամենամեծ պրոբլեմը։ ՀՀ բոլոր աշխատողների վրա դնում էր պարտավորություն՝ իրենց միջոցների հաշվին կատարելու ՊՇՌ հետազոտությունների ծախսերը։ Այդ մասով ճանաչվեց սահմանադրականությանը հակասող և անվավեր։ Սա հենց մեր դիմումի անկյունաքարերից մեկն էր։ ՍԴ-ն իրականացրեց լիարժեք սահմանադրական արդարադատություն»,- այս մասին լրագորղների հետ զրույցում հայտնեց դիմումի նախաձեռնող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Սահմանադրական դատարանն իր այսօրվա նիստում որոշեց, որ հակասահմանադրական է Առողջապահության նախարարի հրամանի որոշ դրույթներ: ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:
Վարդևանյանը նշեց, որ խնդրի մասին սկզբանական շրջանում նախարարությանը ու կառավարությանը հորդորում էին նման որոշումը չիրագործել, զգուշացնում էին, որ դա հակասահմանադրական է։ «Առաջին օրվանից ֆիքսել էինք` դեմ ենք հարկադրանքին, կողմ ենք պատվաստմանը: Մարդը բարձրագույն արժեք է, պետությունը պետք է գիտակցի դա և ՊՇՌ հետազոտման ծախսերը փոխհատուցի: Պարտադրանքը երբեք ընդունելի չէ ու վերջ: Աշխատողներին գործատուն իրավունք չունի ասելու՝ կգնաս, քո գրպանից գումար կհանես ու կմուծես ՊՇՌ հետազոտությունների համար»։
ՍԴ որոշումը կհրապարակվի երեք օրյա ժամկետում։ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սահմանադրական դատարանում դեկտեմբերի 16-ին ավարտվել էր փաստացի հարկադիր պատվաստման և ՊՇՌ հետազոտումների ծախսերը մարդկանց վրա թողնելու հրամանի քննությունը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացվել՝ անուղղակի պարտադիր պատվաստումների և ՊՇՌ թեստ հանձնելու անօրինական պահանջի հակասահմանադրականության հաստատման վերաբերյալ: