կարևոր
1999 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-23 17:03

Միրզոյանն ու Զասը քննարկել են նաև ՀՀ արևելյան սահմանագոտու իրավիճակը

Միրզոյանն ու Զասը քննարկել են նաև ՀՀ արևելյան սահմանագոտու իրավիճակը

Դեկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահող Արարատ Միրզոյանն հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Արարատ Միրզոյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և ՀՀ նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրի» նախագծի ամփոփումը։ Ստանիսլավ Զասը ներկայացրել է նշյալ ծրագրի դրույթները և վստահեցրել, որ դրանց  ժամանակին իրագործման նպատակով ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից կներդրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը։

Հանդիպմանը նախարար Միրզոյանը նաև ներկայացրել է ՀՀ արևելյան սահմանային գոտում  իրավիճակը և ընդգծել  կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը՝ համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության:

Նշյալ, ինչպես նաև տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում ևս մեկ անգամ կարևորվել է հավաքական հիմունքներով անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված՝ անդամ պետությունների դաշնակցային փոխգործակցությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից 23-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ հաստատման ներկայացնելու Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նիստի որոշումների իրականացման և ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրագործման հարցով միջոցառումների ծրագիրը:

Այցի ընթացքում նա հանդիպումել է Փաշինյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։